Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Դունյա Միյատովիչին ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Դունյա Միյատովիչին ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը։

Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ փոխվարչապետը ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով տեղահանված բնակչության հիմնական կարիքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Մասնավորապես՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կեցության վայրերով ապահովման և առաջնային այլ կարիքների բավարարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաև նախանշել է վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքները։

Փոխվարչապետն անդրադարձ է կատարել նաև առավել խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների սոցիալ-հոգեբանական և այլ կարիքներին:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին առկա իրավիճակի վերաբերյալ մանրամասն քննարկում ունենալու հնարավորության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում