Քաղաքականություն

Ադրբեջանը ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելու հստակ նպատակ է ունեցել և դա իրականացրել է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելու հստակ նպատակ է ունեցել և դա իրականացրել է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու հստակ նպատակ է ունեցել, ինչն իրականացրել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հանձնաժողովում «Ղարաբաղի հայերի իրավունքները, մարդասիրական իրավիճակն ու Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով լսումներում այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

«Բոլորին ակնհայտ է, որ Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել՝ էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին, և նրանք իրականացրել են այդ էթնիկ զտումը»,-ասաց Ռուբինյանը:

Նա շեշտեց՝ ընթացող քննարկմանն իրեն զարմացնում է ադրբեջանցի գործընկերների ցինիկության աստիճանը, որոնք դարձել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի փաստաբանները: Նրանք պնդում են, թե իբր Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են:

«Նկատեցի՞ք, որ նրանցից որևէ մեկը որևէ բառ չասաց 100 հազար հայի ճակատագրի մասին: Նրանցից ոչ ոք չխոսեց նրանց կարիքների մասին, ցավակցություն, ափսոսանք չհայտնեց զոհերի համար, նրանց համար, ովքեր բաժանված են իրենց ընտանիքներից: Բայց, եթե հաշվի ենք առնում, որ նրանց ներկայացրած ռեժիմի հստակ նպատակը եղել է հենց հայերից ազատվելը, ամեն ինչ դառնում է տրամաբանական»,-ասաց պատգամավորը:

Ռուբինյանն անդրադարձավ նաև ադրբեջանցի պատգամավոր Քամալ Յաֆարովին:

«Այս ժողովուրդն այնքան զուրկ է ամոթից, որ նույնիսկ ամբողջ բնակչության էթնիկ զտումից ընդամենը 2 շաբաթ հետո նրանք գալիս են այս կազմակերպություն և Հայաստանը կոչում «Արևմտյան Ադրբեջան»: Նա Հայաստանը կոչեց «Արևմտյան Ադրբեջան»,-նշեց պատգամավորը:

Ռուբինյանը հիշեցրեց Ադրբեջանի վերջին գործողությունները, այդ թվում՝ 2020 թվականի պատերազմը, վերջին էթնիկ զտումները, բոլոր իրեդենտիստական խոսակցությունները՝ Հայաստանից արտատարածքային միջանցքի պահանջների վերաբերյալ, Հայաստանի սահմանները չճանաչելը և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակի կողմից Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» կոչելը:

«Պետք չէ հանճար լինել՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը դարձել է սպառնալիք միջազգային կարգի և միջազգային իրավունքի համար: Եվ այդ ռեժիմը պետք է պատժվի՝ իհարկե օրենքով: Մենք, որպես հայկական պատվիրակություն, որպես Հայաստան, միջազգային հանրությունից, ձեզնից յուրաքանչյուրից անհատապես աջակցություն ենք ակնկալում»,-ասաց Ռուբինյանը:

Նա Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորությունների կատարման հանձնաժողովի ղեկավարին խնդրեց թույլ չտալ, որ որևէ մեկը նման ագրեսիվ տերմինաբանություն օգտագործի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում