Բացահայտիր Հայաստանը երկնքից. հոկտեմբերի 14-ին կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հոկտեմբերի 14-18-ն անցկացվելու է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնին մասնակցելու են մինչև 20 օդապարիկներ ՀՀ-ից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում փառատոնի կազմակերպիչ, «Սքայբոլ» ավիաընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը տեղեկացրեց, որ փառատոնը բաղկացած է լինելու 2 փուլերից՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլն իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի, Գառնու, Ապարանի օդային տարածքում։

«Ցուցադրական թռիչքներից մեկը նախատեսում ենք նվիրել ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին, որոնց նույնպես ներգրավելու ենք։ Արդեն մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ պետք է իրականացնի պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում կընտրվեն հաղթողներ»,-ասաց Նաիրի Բարսեղյանը։

«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության փառատոնն արդեն 5-րդ անգամ է անցկացվում։ Առաջին փառատոնն անցկացվել է 2017 թվականին։ Նաիրի Բարսեղյանը նշեց, որ նպատակ են դրել այն դարձնել ամենամյա, ամեն տարի անցկացնել ու ծավալներն ընդլայնել։

«Ցավոք, ամեն անգամ երկրում խնդիրներ են լինում, գլոբալ առումով լուրջ իրավիճակի մեջ ենք հայտնվում, բայց մենք կարծում ենք, որ, չնայած դժվարություններին, պետք է անցկացնել փառատոնը, օտարերկրացիներին ցույց տալ, որ մեզ մոտ անվտանգ է։ Ամեն տարի փառատոնին մասնակցել ցանկացողների շրջանում հետաքրքրվածությունը մեծանում է, մենք նպատակ ունենք այնպես զարգացնել փառատոնը, որ այն ոչ միայն մրցակից լինի տարածաշրջանում, այլև նոր խոսք ասի»,-ասաց Նաիրի Բարսեղյանը։

Զբոսաշրջության կոմիտեն կարևորում է փառատոնային տուրիզմի զարգացումը։ Այս տարի կոմիտեն աջակցել է մոտ երկու տասնյակ փառատոնների անցկացման գործընթացին։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ փառատոնների բազմազանությունը նպաստում է զբոսաշրջային հոսքի ակտիվացմանը։ Կան փառատոններ, որոնք բավական պահանջված են և շատ զբոսաշրջիկներ Հայաստան այցելությունները հարմարեցնում են հենց դրանց ժամկետների հետ։

«Արկածային տուրիզմով հետաքրքրվող զբոսաշրջիկներ շատ ունենք։ Տեսնում ենք, որ արաբական երկրներից են ավելի շատ այս ուղղությամբ հարցում կատարում։ Այդ ամենը ցույց է տալիս, որ փառատոններն իրենց դերը կատարում են։ Հենց այս փառատոնի շրջանակում ունենք այլ երկրներից բլոգերների, լրագրողների այց։ Կարևոր է, որ մենք շարունակաբար նշենք՝ Հայաստանն անվտանգ երկիր է զբոսաշրջության համար։ Զբոսաշրջիկներն էլ հենց տեղում կարող են համոզվել դրանում»,-ասաց Սիսիան Պօղոսեանը։

Հայերեն Español