Քաղաքականություն

Ալիևը մինչև օրս Հայաստանի 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հրապարակային հայտարարություն չի արել. Նիկոլ Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Ալիևը մինչև օրս Հայաստանի 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հրապարակային հայտարարություն չի արել. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը միակողմանիորեն չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, խոսքը պայմանավորվածության մասին է. Հայաստանի 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար պետք է 86 600-ը ճանաչել, և 86 600-ը ճանաչելու համար պետք է 29 800-ը ճանաչել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ընդգծեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելը չափում քառակուսի մետրով:

«Ադրբեջանն ասում է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մենք ուզում ենք հասկանալ՝ նրանք ի՞նչ նկատի ունեն Հայաստանի Հանրապետություն ասելով, որովհետև նրանց խոսույթից ոմանք եզրակացություն են անում, որ նրանք Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով նկատի ունեն Հայաստանի ոչ թե 29 800 քառակուսի կիլոմետր, այլ Հայաստանի տարածքի մի մասը միայն: Էական և կարևոր է, որպեսզի մենք դա անպայման ընդգծենք»,-ասաց վարչապետը:

Նա արձագանագրեց՝ այդ սկզբունքը 2023 թ. մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնեցվել է իր և Ադրբեջանի նախագահի կողմից:

«Բայց խնդիրը շարունակում է մնալ այն, որ մինչև այսօր Ադրբեջանի նախագահը Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հրապարակային հայտարարություն չի արել»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նաև անդրադարձավ քննադատություններին:

«Մեզ ասում են, որ Հայաստանը միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր: Այստեղ միակողմանի ճանաչելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև խոսքը պայմանավորվածության մասին է, և 86 600-ը և 29 800-ը երկվորյակ թվեր են: Այսինքն՝ 29 800-ը ճանաչելու համար պետք է 86 600-ը ճանաչել, և 86 600-ը ճանաչելու համար պետք է 29 800-ը ճանաչել»,-նշեց նա:

Վարչապետը նրբությունները չիմացողներին հորդորեց մի քիչ ավելի զգույշ լինել:

«Երբ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կիլոմետր տարածք ունի, մեր որոշ ընդդիմադիրներ ասում են՝ ոչ, Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կիլոմետր տարածք չունի: Նրանց լավատեսական կանխավարկածը կամ հայրենասիրական մղումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ավելին է, քան 29 800 քառակուսի կիլոմետրը: Բայց մեր հակառակորդներն էլ են ասում՝ ոչ, Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կիլոմետր չէ: Նրանք էլ իրենց հերթին նկատի ունեն, որ գուցե թե 5000 քառակուսի կիլոմետր է»,-ասաց նա:

Ըստ վարչապետի՝ հակառակորդն օգտագործում է Հայաստանի ընդդիմադիրների ոճը, ասում, թե Հայաստանում էլ են ասում, որ Հայաստանը 29 800 քառակուսի կիլոմետր չէ:

Փաշինյանը նշեց՝ եթե հակառակորդը կարդում է ընդդիմադիրների տեքստը, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կիլոմետր չէ, այլ ավելին է, նրանք դա գնահատում են որպես ռևանշիստական ուժերի խմորումներ և Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հիմնավորում, ու իրենց ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ հիմնավորում են նաև դրանով: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը հորդորեց՝ հասկացությունների վերաբերյալ լինել շատ ուշադիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում