Քաղաքականություն

ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս․ ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս․ ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ներկայացրեց Գրանադա իր այցելության արդյունքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ տվեց Հայաստանին Գրանադան, Փաշինյանն ասաց, որ այնտեղ ընդունվեց երկու կարևոր հայտարարություն։

«Առաջինը քառակողմ հայտարարությունն էր՝ նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և իմ: Եվ երկրորդը՝ մեր երկկողմ հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Եվ, ըստ էության, սրանով ի՞նչ արձանագրվեց. շատ կարևոր արձանագրում էր, որ Եվրամիությունում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս: Սա այս է նշանակում, որովհետև Եվրամիության երկու սյուները՝ Եվրոպական խորհուրդը և Եվրահանձնաժողովն արձանագրեցին այս փաստը:

Հաջորդը, երկու հայտարարություններում էլ արձանագրվեց Եվրամիության և մեր տեսակետից՝ որոնք պետք է լինեն մեր տարածաշրջանում խաղաղության հենասյուները: Այդ հենասյուներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ընդգծումով տարածքների չափերի, որի մասին բազմիցս խոսել ենք, երկրորդը, որ սահմաններին դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և նաև համաձայն՝ կողմերին փոխանցված Խորհրդային միության վերջին շրջանի քարտեզների:

Եվ երրորդը, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ ԵՄ-ում նաև դատապարտվեց ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը, արձանագրվեց ԼՂ ժողովրդի բռնի տեղահանումը, արձանագրվեց Եվրամիության և նաև Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ Հայաստանին հումանիտար իրավիճակը կառավարելու առումով, արձանագրվեց, որ ԼՂ հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք պետք է ունենան առանց նախապայմանների, և նրանց այդ իրավունքը պետք է պաշտպանվի: Բացի այդ, ըստ Փաշինյանի, արձանագրվեց, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան Հայաստանը կցանկանա, կամ այնքան, ինչքան համապատասխան է Հայաստանի կարիքներին:

«Հիմա ո՞րն է թերությունը կամ բացը: Բացն այն է, որ հայտարարությունը, մասնավորապես, առաջին հայտարարությունը՝ քառակողմ է և ոչ թե հնգակողմ: Այսինքն, եթե ի սկզբանե նախատեսվում էր, որ պետք է լիներ հնգակողմ։ Բայց Ադրբեջանի ստորագրության բացակայությունն այդ փաստաթղթի ներքո, իհարկե, թերություններից է: Որովհետև եթե, օրինակ, այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ես հիմա կասեի, որ հավանականությունը, որ մենք մինչև տարվա վերջ կստորագրենք խաղաղության պայմանագիր, 70 տոկոսից ավելի բարձր է»,- եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում