Հայաստան

Գեղարքունիքում տևական ու հորդառատ անձրևները խանգարում են անասնակերի բերքահավաքին

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում տևական ու հորդառատ անձրևները խանգարում են անասնակերի բերքահավաքին

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիս ամսին հաճախակի տեղացած ու հորդառատ անձրևները Գեղարքունիքի մարզում խաթարում են անասնակերի բերքահավաքի ընթացքը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2024 թվականի հուլիսի վերջին օրվա դրությամբ մարզի համայնքների տնտեսություններում կուտակվել է ընդամենը 2450 տոննա խոտ, որից 950 տոննան՝ Վարդենիսում, 670 տոննան՝ Մարտունիում, 650 տոննան՝ Գավառում, 120 տոննան՝ Սևանում և 60 տոննան՝ Ճամբարակում։

«Խոտի բերքահավաքը Գեղարքունիքում սկսվեց հունիսի վերջերից ու հուլիսի սկզբներից, սակայն տևական ու հորդառատ անձրևները ոչ միայն տնտեսություններին հնարավորություն չեն տալիս՝ հնձի ու տեղափոխման աշխատանքներ իրականացնելու, այլ նաև ազդում են հնձված խոտի որակի վրա։ Ի դեպ, ցածրադիր ու բարձրադիր գոտիներում, ցանովի ու բնական խոտհարքերում, նույնիսկ արոտավայրերում առատ բուսածածկույթ է ձևավորվել, բայց առայժմ բնական տարերքի հետևանքով ունենք սպասվածից շատ ցածր արդյունքներ։ Մնում է հուսալ, որ օգոստոս ամսին կունենանք անասնակերի բերքահավաքի համար բարենպաստ եղանակ, ու տնտեսությունները կկարողանան անասնագլխաքանակի ձմեռային շրջանի համար կուտակել բավարար չափի անասնակեր, դեռ մի բան էլ ավելին»,-նշեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։ 

Նույն աղբյուրի համաձայն՝ 2024 թվականի ընթացքում մարզում հավաքվել է 107 տոննա կեռասի, 6 տոննա ելակի բերք։

Խոսրով Խլղաթյան   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում