Քաղաքականություն

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունը Գրանադայի քառակողմ հայտարարության վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունը Գրանադայի քառակողմ հայտարարության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ քառակողմ հանդիպման վերաբերյալ։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ․

««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը բարձր է գնահատում հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած Հայաստան-Ֆրանսիա-Գերմանիա-ԵՄ քառակողմ հանդիպման ընթացքում Հայաստանին ցուցաբերված աջակցությունը։

Խրախուսելի են միջազգային հանրության ջանքերը՝ օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր բնիկ հայերի սոցիալական կարիքները հոգալու ուղղությամբ, սակայն է՛լ ավելի ենք կարևորում քառակողմ հայտարարության մեջ փախստականների վերադարձի իրավունքի մատնանշումը, մասնավորապես հետևյալը․ «փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և հարգելով իրենց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները»։

Մենք վերահաստատում ենք մեր այն պահանջը, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պետք է հնարավորություն ունենա միջազգային ամուր և վստահելի երաշխիքների պայմաններում վերադառնալու իր բնակության նախնական վայր, և հավելում ենք, որ այս իրավունքը պետք է տարածվի նաև պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքից 1988-1992թթ․ բռնի տեղահանված հայության նկատմամբ նույնպես։ Մենք՝ որպես ադրբեջանական ագրեսիան վերապրածներ, լավ ենք գիտակցում մեր վերադարձի կարևորությունը թե՛ հայկական մշակութային միջավայրի պաշտպանության և վերականգնման, թե՛ միջազգային իրավունքի կիրառականության, հեղինակության ապահովման տեսանկյունից, ինչը կարող է վերածվել ապագայում նման երևույթները կանխարգելելու լրջագույն կռվանի։

Ուստի կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ազդեցիկ երկրներին, միջազգային կազմակերպություններին և հեղինակավոր մարդասիրական ու իրավապաշտպան կառույցներին մեծացնել ջանքերը ուղղելու մեկհարյուրամյա թերացումը և նպաստելու թե՛ Լեռնային Ղարաբաղից 2020-2023թթ․, թե՛ Ադրբեջանի տարածքից 1988-1992թթ․ տեղահանվածների և ունեզրկվածների իրավունքների ամբողջական վերականգնմանը, պատմական արդարության և մարդկային արժանապատվության ապահովմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում