Քաղաքականություն

Շառլ Միշելը կփորձի Ալիևին բերել բանակցությունների սեղանի շուրջ և ստիպել նրան ստորագրել նույն հռչակագիրը, որն արդեն ստորագրել է Փաշինյանը․ քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

Շառլ Միշելը կփորձի Ալիևին բերել բանակցությունների սեղանի շուրջ և ստիպել նրան ստորագրել նույն հռչակագիրը, որն արդեն ստորագրել է Փաշինյանը․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաշվի առնելով Ադրբեջանի նկատմամբ առկա միջազգային բացասական ֆոնը՝ որոշեց դադար վերցնել։ Մյուս կողմից, հաշվի առնելով նաև իր անբավարար բանակցային ներուժը՝ Ադրբեջանի նախագահը պարզապես չի ցանկանում խոսել առանց Էրդողանի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանի ղեկավարը չէր ներկայացել Իսպանիայում կայացած հանդիպմանը։

Նախօրեին Գրանադայում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի քառակողմ հանդիպումը, որից հետո կողմերը համատեղ հայտարարությամբ ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։

Նախատեսված էր, որ հանդիպումը պետք է կայանա հնգակողմ ձևաչափով, սակայն հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ հանդիպումից։ Որպես պատճառ ադրբեջանական կողմը նշում էր այն հանգամանքը, որ Ֆրանսիան և Գերմանիան մերժել էին Բաքվի առաջարկն այդ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցության վերաբերյալ։

«Իրական պատճառն այն է, որ Իլհամ Ալիևը, ի տարբերություն Փաշինյանի, պատրաստ չէ նույնիսկ ամենափոքր հարցերում փոխզիջման գնալ»,- ասաց Միքայելյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է սպասել հոկտեմբերի վերջին նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բրյուսելում կայանալիք հանդիպումից՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, որի մասին Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավարը, քաղաքագետն ընդգծեց, որ Փաշինյանն ըստ էության պատրաստ է Ալիևի հետ խաղաղության պայմանագիր կնքել։

«Սակայն մինչ այժմ Ալիևը կարծում է, որ չի պայմանավորվել գլխավորի` միջանցքի հարցում։ Այդուհանդերձ հոկտեմբերի վերջին Շառլ Միշելն ամենայն հավանականությամբ կփորձի Ալիևին բերել բանակցությունների սեղանի շուրջ և ստիպել նրան ստորագրել նույն հռչակագիրը, որն արդեն ստորագրել է Փաշինյանը Գրանադայում»,- ասաց քաղաքագետը։

Մանվել Մարգարյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում