Հասարակական

ԵԱՀԿ նախագահը կոչ է անում ավելացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը ԼՂ հայերին

3 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ նախագահը կոչ է անում ավելացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը ԼՂ հայերին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կոչ է անում ավելացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը բռնի տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ավելի քան 100 000 Լեռնային Ղարաբաղի հայերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Օսմանիի հայտարարությունը տարածել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը։

«Մարդասիրական կարիքները պետք է մնան գերխնդիր, և միջազգային դոնորները պետք է շարունակեն ակտիվորեն համերաշխություն ցուցաբերել և կիսեն պատասխանատվությունը Հայաստանին օգնելու համար, քանի որ ՀՀ կառավարությունն արձագանքում է ծավալվող այս հումանիտար ճգնաժամին:

ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ և կարծում է, որ միջազգային հանրության հետագա մասնակցությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը և կայուն խաղաղության հասնելու ջանքերին:

Տեղում միջազգային մասնակցության վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն, քանի որ անկախ միջազգային դիտորդական առաքելությունը վստահություն կհաղորդի նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ»,- նշված է հայտարարության մեջ։

ԵԱՀԿ գործող նախագահը նշել է Ադրբեջանի հրապարակային հայտարարությունները հայ բնակչության ինտեգրման և տեղահանված բնակչության վերադարձի հեռանկարների վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը ԵԱՀԿ շրջանակներում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն Ադրբեջանի պատասխանատվությունն է:

Վեճերի կարգավորման համար դիվանագիտական բանակցությունների փոխարեն ուժի կիրառումը միշտ անընդունելի է և խոչընդոտում է արժանապատիվ և համապարփակ խաղաղության հասնելու հեռանկարներին:

Գործող նախագահ Օսմանին աջակցում է քաղաքական գործընթացների շարունակմանը, որոնք ուղղված են երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքմանը:

ԵԱՀԿ-ն և նրա համապատասխան կառույցները, իրենց մանդատի շրջանակներում, պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այս գործընթացում ՝ տարածաշրջանում արդար, տևական, արժանապատիվ և համապարփակ խաղաղության հասնելու՝ կազմակերպության արժեքներին և պարտավորություններին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում