Քաղաքականություն

Փոխվարչապետը և ԵՄ պաշտոնյան քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար հարցերը

3 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը և ԵՄ պաշտոնյան քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար հարցերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար հարցերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Հանձնակատարի հետ խոսել ենք այն հիմնական խնդիրների շուրջ, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից շարունակական ուժի կիրառման և հայատյաց քաղաքականության իրագործման հետևանքով։ Խոսել ենք տեղահանված և Հայաստանում ապաստան գտած ավելի 100 հազար մեր հայրենակիցների հրատապ կարիքների գնահատման, այդ թվում՝ առողջապահական, սոցիալական, հոգեբանական, ֆինանսական հարցերի մասին»,- նշեց Խաչատրյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ Կառավարությունը բարձր է գնահատում այն արագ արձագանքը, որ ԵՄ-ն և նրա անդամ պետությունները շարունակում են ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված անձանց առաջնահերթ կարիքների հասցեագրման ուղղությամբ։

«Հանձնակատարի հետ կարևորել ենք հումանիտար բնույթի լայնածավալ անելիքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության կողմից գործադրվող ջանքերը համաձայնեցնելու, ստացվող հումանիտար աջակցությունը բռնի տեղահանվածների կարիքներին ուղղելու հարցում: Քննարկել ենք համագործակցության միասնական հարթակի ձևավորման և այդ ձևաչափով մեր գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու հարցերը։

Որպես առաջնային գերակայություն առանձնացրել ենք մեր հայրենակիցների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների գնահատման կարևորությունը։ Դա այն հիմքն է, որը պետք է հնարավոր դարձնի բռնի տեղահանվածների խնդիրների արդյունավետ լուծումը և հասանելի հումանիտար օգնությունը ճիշտ օգտագործելու եղանակով արագացնի մեր հայրենակիցներին բնականոն կյանքին վերադարձնելու ընթացքը։

Քննարկման ընթացքում եկել ենք այն համաձայնության, որ Եվրոպական միությունը կշարունակի ավելացված աջակցություն ցուցաբերել բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ հաշվի առնելով այն մեծ փորձառությունը, որն ունի ճգնաժամային կառավարման հարցերում։ Համոզվածություն ենք հայտնում, որ ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունն էապես կնպաստի նրան, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերը առավելագույն արդյունավետությամբ լուծեն բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքները»,- եզրափակեց Խաչատրյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում