ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին զրույցի ժամանակ նշել է, որ վերջինս «չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ», և պահանջել է երաշխավորել «Բաքվի և Երևանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը»։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
«Ես երկու օր առաջ խոսեցի նախագահ Ալիևի հետ և հստակ ասացի նրան, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ: Սա պետք է բարձրաձայն ասվի, և պետք է երաշխավորվի, որ կա (խմբ.` Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում)», - ասել է նա Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին ժամանելուն պես:
«Ես մտադիր չեմ այստեղ հրապարակավ մեկնաբանել Ալիևի՝ Գրանադա չգալու որոշումը, ես անձամբ նրան կասեմ, թե ինչ եմ մտածում այդ մասին», - հավելել է Միշելը։
Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ ԵՄ միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղված է Եվրամիության շահերի պաշտպանությանը և Կովկասում եվրոպական արժեքների առաջ մղելուն։
«Քանի դեռ չէինք սկսել այս միջնորդությունը, մենք առանձնապես ակտիվ չէինք Կովկասում։ ԵՄ-ի այս միջնորդական ջանքերը նշանակում են, որ մենք պաշտպանում ենք մեր շահերը, մենք առաջ ենք մղում մեր արժեքներն այս տարածաշրջանում»,- ասել է Միշելը։