Հռոմի ստատուտի վավերացումը որևէ կերպ կապված չէ հայ-ռուսական հարաբերությունների հետ. Խանդանյան
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկում է բոլոր քայլերն՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը տարբեր ճանապարհներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին։
«Հռոմի ստատուտի վավերացումը միմիայն բխում է Հայաստանի շահերից։ Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկում է բոլոր քայլերն՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը տարբեր ճանապարհներով, այդ թվում նաև իրավական անվտանգության տեսանկյունից և Հռոմի ստատուտը դրա բաղադրիչներից մեկն է»,- ընդգծեց Խանդանյանը։
Նրա կարծիքով՝ պետք չէ չափազանցել Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը և դրա հետևանքերը։
«Շարունակաբար կառավարությունն աշխատել է և շարունակում է աշխատել Ռուսաստանի գործընկերների հետ, և Հռոմի ստատուտի վավերացումը որևէ կերպ կապված չէ հայ-ռուսական հարաբերությունների հետ»,-եզրափակեց Խանդանյանը։