ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի կանոնադրությունը ՀԱՊԿ անդամ երկրներից վավերացրել է Տաջիկստանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագծի քննարկմանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ հետխորհրդային երկրներից որո՞նք են վավերացրել Հռոմի կանոնադրությունը:
«Երկու երկիր կա, որ վավերացրել է՝ Վրաստանը, որը կանոնադրությունը վավերացրել է դեռ 2004 թվականին և Տաջիկստանը, որը հանդիսանում է և ԱՊՀ անդամ, և ՀԱՊԿ անդամ, վավերացրել է 2002 թվականին»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն իսկ ընդունել է նախագիծ և այն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում։ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացվելու է ամբողջությամբ։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու: