Հասարակական

Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ծանր վիրավորների կարիքները

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ծանր վիրավորների կարիքները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին՝ բժշկական պարագաներից և դեղերից բաղկացած մարդասիրական օգնություն Հայաստան ուղարկելու համար։

«Այսօր մենք այստեղ ենք՝ դիմավորելու Ֆրանսիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրված դեղորայքի ու բժշկական պարագաների բեռը։ Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ֆրանսիայի մեր գործընկերներին ու բարեկամներին, ովքեր օգնում են մեզ՝ այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում ընդունելով մարդասիրական բեռը՝ ասաց նախարարի տեղակալը։

Լենա Նունուշյանի հետ օդանավակայան էր մեկնել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին, ով իր խոսքում նկատեց, որ Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ 250 ծանր վիրավորների կարիքները։

«Ինչպես բոլորդ գիտեք, Լեռնային Ղարաբաղի 100 հազարավոր հայեր լքել են իրենց տներն ու հողերը։ Նրանք ստիպված են եղել հեռանալ։ Սա հումանիտար ողբերգություն է և շատ բարդ իրավիճակ։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին և հայ ժողովրդին: Մենք հենց նոր Ֆրանսիայից ստացանք բժշկական պարագաներ, որոնք հնարավորություն կտան հոգալ 250 ծանր վիրավորների կարիքները, ինչպես նաև 40 բժշկական արկղ ՝ դեղորայքով և բժշկական սարքավորումներով։ Նման իրավիճակում, կարծում եմ, սա շատ կարևոր քայլ է»,- նշեց դեսպանը։

«Արմենպրես»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար 5 տոննա (բժշկական պարագաներ և դեղեր) մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում