Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արդարադատության միջազգային դատարանի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետությունը, վկայակոչելով կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի կանոնակարգի 73-րդ հոդվածը, երեկ հարցում է ուղարկել դատարան ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար» ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին:

Հայաստանը խնդրում է դատարանին կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները և հաստատել Ադրբեջանի պարտավորությունները՝ համաձայն այդ գործով կայացրած վճիռների, մասնավորապես ՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի:

1) Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած միջոց ձեռնարկելուց, որը կարող է հանգեցնել Ռասայական խտրականության վերացման կոմիտեի նկատմամբ իր պարտավորությունների խախտմանը։

2) Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է Լեռնային Ղարաբաղից մնացած էթնիկ հայերին դուրս մղելուն կամ նրանց համար հետեւանքներ ունենալուն, կամ խոչընդոտում է վերջին ռազմական հարձակման ժամանակ տեղահանված անձանց, այդ թվում ՝ Հայաստան կամ երրորդ պետություններ փախչողներին անվտանգ և արագ վերադարձին իրենց տները, միաժամանակ թույլ տալով նրանց, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, դա անել անարգել;

3) Ադրբեջանը պետք է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իր զինված հարձակման հետևանքով օկուպացված Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական հաստատություններից դուրս բերի ողջ ռազմական և իրավապահ անձնակազմը;

4) Ադրբեջանը պետք է աջակցի Միավորված ազգերի կազմակերպության և նրա մասնագիտացված հաստատությունների հասանելիությանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ և զերծ մնա որևէ խոչընդոտ ստեղծելուց և որևէ կերպ չմիջամտի նրանց գործունեությանը;

5) Ադրբեջանը պետք է աջակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հասանելիությունը և զերծ մնա որևէ խոչընդոտ ստեղծելուց, ինչպես նաև համագործակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ՝ վերջին հակամարտության այլ հետևանքների վերացման գործում;

6) Ադրբեջանը պետք է անհապաղ աջակցի Լեռնային Ղարաբաղում կոմունալ ծառայությունների, այդ թվում ՝ գազի և էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնմանը և հետագայում ձեռնպահ մնա դրանք խափանելուց;

7) Ադրբեջանը պետք է զերծ մնա Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինծառայողների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց;

8) Ադրբեջանը չպետք է փոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված որևէ հուշարձան կամ Լեռնային Ղարաբաղում առկա որևէ այլ հուշարձան, հայկական մշակութային օբյեկտ կամ արտեֆակտ;

9) Ադրբեջանը ճանաչում և գործողության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները, անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքները և գրանցամատյանները և չի ոչնչացնում կամ առգրավում այդպիսի գրանցամատյաններն ու փաստաթղթերը;

10) Ադրբեջանը պետք է դատարանին հաշվետվություն ներկայացնի սույն վճիռի ի կատար ածելու համար ձեռնարկված բոլոր միջոցների մասին մեկ ամսվա ընթացքում ՝ սկսած սույն վճռի ամսաթվից և հետագայում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ, մինչև դատարանի կողմից գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը»,- նշված է Արդարադատության միջազգային դատարանի տարածած հաղորդագրության մեջ։

Հայերեն English Français Русский

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել զենքի վերահսկման եռակողմ բանակցություններին

Հայաստանն ու Ռուանդան վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի համար