ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 25-29-ը Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 67-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է 2023-2025թթ. ժամանակահատվածի համար ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ:
2023-2025թթ. ժամանակահատվածի համար ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի կազմ են ընտրվել 11 նոր երկրներ:
Արևելաեվրոպական խմբին հատկացվող 2 տեղի համար իրենց թեկնածություններն էին առաջադրել Հայաստանի Հանրապետությունը, Ուկրաինան և Ադրբեջանը: Սեպտեմբերի 28-ին կայացած ընտրություններում Հայաստանը ստացավ առավելագույն՝ 94 ձայն, Ուկրաինան՝ 79, իսկ Ադրբեջանը 67 ձայն: Այսպիսով, Հայաստանն ու Ուկրաինան ընտրվեցին Կառավարիչների խորհրդի անդամներ։
ԱԷՄԳ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն համաժողովին ունեցած ելույթում ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է իր ներդրումն ունենալ միջուկային գիտության և տեխնոլոգիաների խաղաղության և զարգացման համար օգտագործման գործում ԱԷՄԳ առաջնայնությունների առաջմղմանը:
Կառավարիչների խորհուրդը, գլխավոր համաժողովի հետ միասին, հանդիսանում են ԱԷՄԳ քաղաքականության մշակման համար պատասխանատու երկու մարմինները: Կառավարիչների խորհրդի անդամ են հանդիսանում ԱԷՄԳ 177 անդամ պետություններից 35-ը: