Հասարակական

Դա մարդկության դեմ հանցագործություն է․ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը խոսել է ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների մասին

3 րոպեի ընթերցում

Դա մարդկության դեմ հանցագործություն է․ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը խոսել է ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, իրավապաշտպան Նադիա Մուրադը Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած բռնություններ, որի հետևանքով այսօր հազարավոր հայեր ստիպված լքում են ԼՂ-ում իրենց հայրենի տունը, անվանում է մարդկության դեմ հանցագործություն։

«Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ Նադիա Մուրադը խոսել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար աղետի մասին՝ նշելով․

«Իմ սիրտն այն բոլոր հայերի հետ է, ովքեր լքում են իրենց տները՝ իրենց հետ տանելով միայն վախ և անորոշություն։ Դա մարդկության դեմ հանցագործություն է, և աշխարհը պետք է միասին արագ գործի անցնի՝ գտնելու խաղաղ կարգավորում։ Հազարավոր մարդիկ չպետք է դատապարտված լինեն ապրելու փախստականների ժամանակավոր ճամբարներում՝ առանց ապագայի և հույսի»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԼՂ-ում ադրբեջանական բռնությունների թիրախում են նաև կանայք ու երեխաներ, և արդեն իսկ կան զոհեր երեխաների շրջանում, Նադիա Մուրադը, ով հայտնի է կանանց իրավունքների պաշտպանության հարցում իր ակտիվ գործունեությամբ, մասնավորապես նշել է․ «Բոլոր իշխանությունները պետք է միասին աշխատեն՝ ապահովելու կանանց ու երեխաներին անվտանգությունը սեռական բռնություններից ու թրաֆիքինգից, որը կարող է ծագել հակամարտության ժամանակ։ Ինչպես բռնության բոլոր տեսակների դեպքում՝ կանխարգելումն ավելի լավ է, քան միջամտությունը, իսկ միջամտությունն անսահման ավելի լավ է, քան երես թեքելը» ։

Նադիա Մուրադն ակտիվիստ է Իրաքից, 2014 թվականին Հյուսիսային Իրաքում շուրջ երեք ամիս ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ, խոշտանգումների ենթարկվել, ապա նրան հաջողվել է փախչել Գերմանիա, որտեղ դարձել է հայտնի իրավապաշտպան և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան:2018 թվականին նա Կոնգոյից բժիշկ Դենիս Մուկվեգեի հետ արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է ժամանել բռնի տեղահանված 66500 անձ։ Հայաստանում ԼՂ-ից բռնի տեղահանվածները կոորդինացիոն կենտրոնում հաշվառվում են, նրանց առաջարկվում են կեցավայրի տարբերակներ: Մարդկանց տրվում են առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, դեղորայք, տաք ծածկոցներ, անվասայլակներ: Առողջական խնդիրներ ունեցողներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:

Արաքս Կասյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում