Քաղաքականություն

Այդ զարգացումը լրացուցիչ բեռ է առաջացրել ԼՂ բնակչության համար․ Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ Ադրբեջանի գործողությունների մասին

3 րոպեի ընթերցում

Այդ զարգացումը լրացուցիչ բեռ է առաջացրել ԼՂ բնակչության համար․ Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ Ադրբեջանի գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված ռազմական գործողություններով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչ Պասկալ Բերիսվիլը՝ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման թեմայով հրատապ նիստի ժամանակ։

« Այս զարգացումը լրացուցիչ բեռ է առաջացրել Լեռնային Ղարաբաղի շրջանի քաղաքացիական բնակչության համար։ Նրանք արդեն իսկ ծանր հումանիտար իրավիճակում էին և կրում էին տառապանքներ։ Շվեյցարիան ի գիտություն է ընդունում սեպտեմբերի 20-ին հայտարարված հրադադարը և կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները։ Ուժի կիրառումը ընդունելի չէ որպես հակամարտության լուծման միջոց։ Թեպետ մարտական գործողությունները կարծես թե դադարել են, սակայն իրավիճակը մնում է փխրուն։ Անորոշության այս իրավիճակում միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունները պետք է էլ ավելի հստակորեն կարևորել։ Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերը, մասնավորապես, փոքրամասնությունների իրավունքները, պետք է հարգվեն առանց որևէ պայմանների։ Մենք տխրեցինք, տեղեկանալով զոհված քաղաքացիական անձանց մասին»,- ասել է Շվեյցարիայի ներկայացուցիչը։

Նա կարևորել է նաև քաղաքացիական բնակչության, վիրավորների և բժշկական հիմնարկների պաշտպանության խնդիրները։

« Մարդասիրական սուբյեկտները, այդ թվում՝ ԿԽՄԿ-ն պետք է կարողանան իրենց անկողմնակալ առաքելությունները կատարել և արագ ու անխոչընդոտ ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը կարիք ունեցող բնակիչներին։ Մարդասիրական առաքումների մասին դրական զարգացումների փաստով ուրախացանք։ Խոսքն այս շաբաթվա սկզբին Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ուղարկված օգնության մասին է, բայց այդ հասանելիությունը պետք է շարունակել ապահովել։ Կողմերին կոչ ենք անում հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև հետևել Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին»,- նշել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը պետք է շարունակական երկխոսության միջոցով բանակցային սեղանի արդյունք լինի։

« Խաղաղությունը պետք է ապահովել, հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։

Բոլորը, այդ թվում՝ տարածաշրջանի ազդեցիկ դերակատարները պարտավոր են ապահովել հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի նկատմամբ և ապահովել խաղաղ լուծումները։ Շվեյցարիան պատրաստ է աջակցել այդ նպատակին և աջակցել կողմերին։ Խիստ կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը վերսկսեն խաղաղության գործընթացը»,- եզրափակեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում