Հայերն ԱՄՆ-ում ակցիաներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի դեմ
2 րոպեի ընթերցում
![Հայերն ԱՄՆ-ում ակցիաներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի դեմ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1120040.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների հայ համայնքի անդամները բողոքի ակցիաներ են կազմակերպել Լոս Անջելեսում և Նյու Յորքում՝ իրենց բողոքը հայտնելու Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի ռազմական լայնածավալ հարձակման առնչությամբ և կատարվողի հանդեպ հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ABC7 պարբերականը հաղորդում է, որ տասնյակ ցուցարարներ փակել են Լոս Անջելեսի կենտրոնի 101 ավտոմայրուղին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին չանտեսել ստեղծված իրադրությունը։
Եվս մեկ ակցիա է տեղի ունեցել Նյու Յորքում։ Տասնյակ մարդիկ հավաքվել են ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց՝ Հայաստանի մեծ դրոշով և պաստառներով՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կանգնեցնելու համար։
ԱՄՆ-ի հայ համայնքի անդամներից մեկն էլ ակցիա է իրականացրել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց՝ շենքի առջև թափելով արյուն խորհրդանշող կարմիր ներկ։
AZERBAIJANI CONSULATE, LOS ANGELES
In light of Azerbaijan’s Genocidal advances in their efforts to ethnically cleanse Artsakh, an Armenian community member decided to share his message to the Azerbaijani Consulate. #StopArmenianGenocide2023 pic.twitter.com/1wN6e5BlUC
— Liana Margaryan (@lio___m) September 20, 2023