Հասարակական

Լոռին՝ զբոսաշրջության զարգացման կենտրոն. ՔՈԱՖ փառատոնն ու «Կոնցեպտ» հյուրանոցը նոր շունչ կհաղորդեն մարզին

8 րոպեի ընթերցում

Լոռին՝ զբոսաշրջության զարգացման կենտրոն. ՔՈԱՖ փառատոնն ու «Կոնցեպտ» հյուրանոցը նոր շունչ կհաղորդեն մարզին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկի՝ Լոռու առավելություններն ընդգծելու, տարածաշրջանի տնտեսական զարգացմանը նպաստելու, զբոսաշրջային գրավչությունն ամրապնդելու նպատակով Դեբետում՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում անցկացվեց ՔՈԱՖ արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնը, որը մեկ հարթակում էր համախմբել տաղանդաշատ երաժիշտների և արտադրողների, իսկ «Կոնցեպտ» հյուրանոցը, որի բացումն օրվա սպասված իրադարձություններից էր, վստահաբար նոր զբոսաշրջային հոսքեր կապահովի մարզում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնն անցկացրեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «ITTD» ծրագրի աջակցությամբ։

«Արդեն քսան տարի է՝ ՔՈԱՖ-ն իր գործունեությամբ բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի գյուղական համայնքներում։ ՔՈԱՖ «Կոնցեպտի» մեկնարկով ոչ միայն քաղում ենք մեր երազանքի պտուղներն, այլև կերտում նոր ապագա։ Այն մեր թիմի յուրաքանչյուր անդամի ունեցած հզոր ներուժի արդյունքն է, որն ամեն անգամ գործի է դրվում միասնականության և նորարարության շնորհիվ։ Սա ավելին է, քան ուղղակի կառույց.այն հույսի փարոս է, մեր ընդհանուր երազանքների խորհրդանիշն ու դեպի լուսավոր ապագա ուղին»,-շեշտեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր նախագահ Գարո Արմենը։

Հյուրանոցի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և այլք:

Վարչապետը նշեց՝ բարձր է գնահատում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը, քանի որ այն չի սահմանափակվում երեխաների, պատանիների, երիտասարդների կրթությամբ։ «Այստեղ կիրառվում է մի հայեցակարգ, որը կրթության շահառու է համարում բոլորին՝ անկախ տարիքից և բոլոր նրանց, ովքեր ուզում են կատարելագործել իրենց հմտությունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հյուրանոցը չքնաղ բնաշխարհում հասանելի կլինի յուրաքանչյուրին, իսկ դրա եկամուտները նորից կներդրվեն հիմնադրամի զարգացման հետագա ծրագրերի համար։ «Լոռու մարզ կատարած նախորդ այցի ընթացքում մենք Դսեղում տեսանք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ստեղծած ամբուլատոր կենտրոնը, որը մեծ տպավորություն գործեց: Շատ կարևոր է, որ մեզ մոտ ճարտարապետական նոր ձեռագիր, նոր մոտեցում լինի, աշխատանքի կազմակերպման նոր բանաձևեր գործարկվեն։ ՔՈԱՖ հիմնադրամն այդ գործը շատ լավ է անում, և ինձ համար հաճույք է այսօր այստեղ գտնվելն այսպիսի հրաշալի առիթով»,-ընդգծեց Փաշինյանը:

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիաննա Ղալթաղչյանն էլ ևս մեկ անգամ փաստեց, որ իրենց գործունությունն ուղղված է Հայաստանի մարզերում կրթական, սոցիալական, առողջապահական ծրագրերի իրականացմանը: Նա ասաց, որ հյուրանոցի մասնաշենքը մեծ կոնֆերանս դահլիճներ ունի, որոնցում հնարավոր է լայնամասշտաբ միջոցառումներ իրականացնել, և հյուրանոցի շահույթն ամբողջությամբ ուղղվելու է համայնքային և տնտեսական զարգացման տարբեր ծրագրերին, որոնք իրականացնում է հիմնադրամը:

Նա տեղեկացրեց՝ ԵՄ-ի աջակցությամբ առաջիկայում սմարթ կենտրոններ կբացեն Սյունիքում՝ Գորիսում և Կապանում: Կենտրոնները կունենան համապատասխան ենթակառուցվածքներ: Կենտրոններ կբացեն նաև Արմավիրում և Շիրակում:

Ղալթաղչյանը շեշտեց, որ Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը, որը ոչ ֆորմալ կրթության հաստատություն է և ունի 15 կրթական ծրագիր, շաբաթական հյուրընկալում է 2000-2500 երեխայի, որոնք ապրում են Լոռու մարզում: Նրանց կրթությունն անվճար է:

«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն էլ ընդգծեց, որ իսկապես ուրախ է լինել Լոռու մարզում և այն համարում է զբոսաշրջության ապագան: «ՔՈԱՖ-ի հետ համատեղ ցանկանում ենք աջակցել Լոռու զարգացմանը, որը շատ գեղեցիկ է: Այսօր այստեղ կա զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն, փառատոն է անցկացվում, արվեստի հետաքրքիր ինստալյացիաներ»,-ասաց նա և հավելեց՝ Հայաստանը հրաշալի երկիր է, որը զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի:

Նա հիշեցրեց, որ GIZ-ի և ՔՈԱՖ-ի համագործակցությունը երկար պատմություն ունի, և այն շարունակական կլինի:

Տարբեր նախաձեռնություններով լի միջոցառմանը ներկա էին հարյուրավոր մարդիկ, որոնք երգեցին «Hayat Project», «Լավ Էլի», «Վահագն Հայրապետյան ջազ տրիո», «Միքայել Ոսկանյան և ընկերներ (MVF)», «Բամբիռ» սիրված խմբերի հետ, պարեցին DJ Alen Hertz-ի խելահեղ երաժշտության ներքո, շրջեցին կենտրոնում, ծանոթացան հյուրանոցի առավելություններին: Նրանց երգ ու պարին չխանգարեց անգամ անձրևը, որը ռոմանտիկ ու էքստրեմալ էր դարձրել փառատոնը, իսկ 30-ից ավելի տաղավարները հարուստ էին թեյերի, գյուղմթերքի, հագուստի և գործվածքի, խնամքի և կոսմետիկ միջոցների, ձեռագործ իրերի, պայուսակների, հուշանվերների տեսականիով, որոնք անտարբեր չէին թողնում միջոցառման ոչ մի մասնակցի:

Բազմամարդ միջոցառմանը նաև բացօթյա պատկերասրահ կար, որում ցուցադրվեցին «Արդեան»-ի արվեստի ինստալյացիաները: Յուրաքանչյուր կոմպոզիցիա ներկայացնում է Լոռու մարզի վանքերն ու խաչքարերը, իսկ գրվածքները բանաստեղծ, փիլիսոփա, գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավունու աշխատություններից են:

Ինստալյացիաները, որոնք երեկոյան լուսավորվեցին ու կախարդական դարձրին միջոցառման մթնոլորտը, գրավեցին մարդկանց. նրանք լուսանկարվում էին արվեստի գործերի կողքին:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի և կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ ավելի քան 82 համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:

ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում:

Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ ապահովել համընդհանուր և հավասարակշռված ներառական աճ զբոսաշրջության և նորարարական ոլորտներում, որը կապահովվի Հայաստանի հյուսիսային մարզերում զբոսաշրջության նորարարական ձեռնարկումների, բարձր տեխնոլոգիաների և նորարար ձեռնարկատերերի աջակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտողների միջազգային գիտելիքների փոխանակման, ինչպես նաև ուսանողների և ընդհանուր բնակչության համար ձեռներեցության մշակույթի զարգացմանը նպաստող ցանցերի միջոցով:

Նախագծի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել շուրջ 100 ձեռնարկությունների` օգնելով պահպանել/ստեղծել 400 աշխատատեղ, իսկ ավելի քան 800 անհատ շահառու ներգրավվել է տարաբնույթ թրեյնինգների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում