Վստահում եմ այն գիտակցությանը, որը մեր ժողովուրդն ունի. Ալեն Սիմոնյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը։
Քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ իրականացվող հակաքարոզչության մասին հարցին՝ նշելով, որ վստահում է Հայաստանի ժողովրդին։
«Վստահում եմ Հայաստանի ժողովրդին, վստահում եմ երևանցիներին, ես վստահում եմ այն գիտակցությանը, որը մեր ժողովուրդն ունի, որովհետև վերջին 5 տարիների ընթացքում մեր դեմ հակաքարոզ իրականացնելու համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել, սնկի պես աճել են լրատվամիջոցները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:
Նրա խոսքով նման լրատվամիջոցների միակ նպատակը եղել է ՀՀ իշխանություններին վարկաբեկելը:
«Մեզ հաճախ փնովում են, ասում են՝ ինչո՞ւ չեք կարողանում ձեր աշխատանքն ավելի ճիշտ, ավելի շատ ներկայացնել: Նման քննադատությունը ես ընդունում եմ, որովհետև իրոք դժվար է, երբ լրատվական դաշտի 90 տոկոսը այս կամ այն քաղաքական ուժին է հարում, այլ ոչ թե իշխող կուսակցությանը, իշխող ուժին: Դժվար է, իրոք դժվար է, բայց մեր ժողովուրդը, կարծում եմ, ճիշտ ընտրությունը կատարել է և կատարելու է»,- ասաց նա: