Հասարակական

Չեմ կարող հավատալ, որ Կարեն Դեմիրճյանի վրա կրակած ձեռքը կարող է որևէ մարդկային կապ ունենալ հայ ժողովրդի հետ. Փաշինյան

5 րոպեի ընթերցում

Չեմ կարող հավատալ, որ Կարեն Դեմիրճյանի վրա կրակած ձեռքը կարող է որևէ մարդկային կապ ունենալ հայ ժողովրդի հետ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծապես կարևորում է 1999-ի ոճրագործության բացահայտումը, քաղաքացիների կոնկրետ պատասխաններ տալը, թե ինչո՞ւ և ինչպե՞ս դա տեղի ունեցավ, ովքե՞ր են դրա մեղավորները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Երևանում Մարզահամերգային համալիրի դիմաց Կարեն Դեմիրճյանի արձանի բացմանը:

Փաշինյանն իր գոհունակությունն ու ուրախությունը հայտնեց, որ մայրաքաղաքում շատ արժանի տեղում հայտնվեց Կարեն Դեմիրճյանի արձանը: Ըստ նրա՝ դա Կարեն Դեմիրճյանի արձանի համար ամենահարմար տեղն է:

«Նրա գաղափարն այն էր, որ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը ագրարային կարգի երկրից վերածվի արդյունաբերական երկրի: Եթե ուզում ենք խորությամբ հասկանալ Կարեն Դեմիրճյանի ներդրումը Հայաստանի զարգացման գործում, հենց սա պետք է նկատի ունենայինք: Նաև պետք է հաշվի առնենք, որ արդյունաբերությունն անհնար կլիներ առանց կրթության ոլորտում մեծ ներդրումների, առանց կրթության ոլորտի բարեփոխումների: Ցավոք սրտի, պետք է ասենք՝ անկախությունից հետո մենք շատ ավելի քիչ բան ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, քան եղել է անկախությունից առաջ Կարեն Դեմիրճյանի օրոք: Սա խնդիր է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա պետք է լուրջ ուսումնասիրեն, խորը պատճառներ հասկանան:

Վարչապետը հավելեց՝ սակայն ուրախ է, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, այսօր կարողանում են Հայաստանում մեծամասշտաբ կապիտալ ներդրումներ կատարել:

Վարչապետն ընդգծեց նաև Կարեն Դեմիրճյանի հետ իր անձնական առնչությունները: Նա նկատեց՝ Կարեն Դեմիրճյանը մինչև այսօր շատ սիրված է ժողովրդի շրջանում:

«Նոր ենք ավարտել մարզային այցելությունները: Այդպիսի այց չենք ունեցել, որտեղ ինչ-որ առիթով, բայց սիրով Կարեն Դեմիրճյանի անունը չհնչի: Կարեն Դեմիրճյանը մինչև ԱԺ նախագահ դառնալը Խորհրդային Միության բարձրաստիճան պաշտոնյա է եղել: Ուզում եմ ընդգծել, որ Կարեն Դեմիրճյանը Խորհրդային Հայաստանում և խորհրդային տարիներին երբեք ու երբեք բռնակալ չի եղել: Եվ դա է նրա նկատմամբ ժողովրդի սիրո պատճառներից մեկը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն առանձնահատուկ ընդգծեց նաև Կարեն Դեմիրճյանի իմացությունն ու վերաբերմունքը մշակույթի, գիտության ու կրթության նկատմամբ, անձնահատուկ վերաբերմունքը՝ ընտանիքի վերաբերյալ: Նա նաև ընդգծեց Դեմիրճյանի և նրա ընտանիքի զսպվածությունը Խորհրդային Միության ժամանակներում և Երրորդ Հանրապետությունում բարձր պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակ:

Նա նշեց՝ ի հեճուկս 1988 թվականից հետո առաջացած բոլոր բարդություններին, վայրիվերումներին՝ հայ ժողովուրդը 1999-ին իր գնահատանքի, շնորհակալության, աջակցության խոսքն ասաց Կարեն Դեմիրճյանին:

«Ես չեմ ուզում և չեմ կարող հավատալ, որ այն ձեռքը, որը կրակել է Կարեն Դեմիրճյանի վրա, կարող է որևէ հոգևոր, արժեքային, մարդկային կապ ունենալ հայ ժողովրդի, Հայաստանի ժողովրդի հետ: Ես չեմ կարող դրան հավատալ: Չեմ կարող հավատալ, որ այս հողի վրա քայլող, այս ջրից սնուցված որևէ մեկի մտքով կարող էր անցնել Կարեն Դեմիրճյանի սպանությունը կազմակերպել: Դա հանցագործություն չէր անձանց նկատմամբ, դա հանցագործություն էր Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ շատերն են ակնկալում, որ այդ հարցն ի վերջո պարզվի ու պարզաբանվի՝ ընդգծելով նաև դրա դժվարությունը: Այսօր, ըստ նրա, շատ հայտնի գործերի վերանայման ընթացքում տեսանելի է մի երևույթ, որ պետական ամենաբարձր մակարդակով ապացույցները կորսվել են: «Ամենաթարմ օրինակը՝ Մարտի 1-ի դեպքերը, երբ տեսնում ենք, որ տեղում կրակած պարկուճները հավաքվել, ոչնչացվել են, հետո կրակված պարկուճները լցրել են, որպես ապացույց տարել: Բայց ես կարծում եմ, որ հայ ժողովրդի ցանկությունն է, այդ թվում իմ, և շատ լավ կլինի, շատ մեծ պատիվ կբերի ՀՀ-ին, իրավապահ համակարգին, երբ մենք կարողանանք աներկբա ՀՀ քաղաքացիներին տալ կոնկրետ պատասխաններ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս դա տեղի ունեցավ և ովքե՞ր են դրա մեղավորները»,-եզրափակեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում