Քաղաքականություն

Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից․ Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պեսկովն այս մասին խոսել է՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե տեսնում են, որ Ռուսաստանը իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում Հարավային Կովկասի տարածաշրջանից։

«Մենք խորը հարգանք ենք տածում վարչապետ Փաշինյանի նկատմամբ, գնահատում ենք նրա և նախագահ Պուտինի աշխատանքային և շատ կառուցողական հարաբերությունները, բայց այդ թեզերի հետ չենք կարող համաձայնվել։ Ռուսաստանը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ։ Ռուսաստանը շարունակում է հետևողական, շատ կարևոր դեր խաղալ իրավիճակի կայունացման և հակամարտության վերացման գործում։ Այս համատեքստում կարևոր է տարածաշրջանի բոլոր պետությունների հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարություններին։ Նոր իրադարձություններ են եղել, որոնք որոշակիորեն փոխել են իրավիճակը, սակայն դա չի նշանակում, թե Ռուսաստանը ինչ-որ կերպ շեղվում է իր գործունեությունից»,- ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը շարունակելու է տանել Հարավային Կովկասում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխավորի դերը։

Պեսկովը նաև նշել է, որ ՌԴ-ում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում, որոնք իրենց ներդրումն ունեն Ռուսաստանի զարգացման գործում։

Նա նաև հիշեցրել է, որ Երևանը մասնակցում է ինտեգրացիոն գործընթացներին, որոնց շնորհիվ «Հայաստանն ԱՊՀ-ում չեմպիոն է դարձել զարգացման տեմպերով»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում