ԵԽ պատգամավորը ԵՄ-ին ու ԱՄՆ-ին կոչ է անում եռապատկել ջանքերը ԼՂ-ի հայերի համար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ

10 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը կարծում է, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրեն, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը եւ ապահովի երկկողմանի ազատ տեղաշարժը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում եվրապատգամավորը նշել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը, հետեւաբար նաեւ՝ խաղաղության պայմանագրի կյանքի կոչմանը։ Կովաչեւն անընդունելի եւ դատապարտելի է համարում Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարությունը չհարգելը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը փոխանակ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին, նոր մարդկանց է ձերբակալում։ Հայաստանի հարցերով զեկուցողն ընդգծել է՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ձեռք բերված երեք հիմնարար սկզբունքներից երկուսը չեն հարգվում՝ կա ուժի կիրառում եւ ինքնորոշման իրավունքը բոլորովին անտեսվում է։

-Պարոն Կովաչեւ, ո՞րն է Ձեր գնահատականը Լեռնային Ղարաբաղում տիրող ներկա իրավիճակին։

-Շատ տխուր եմ Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար իրավիճակի վատթարացման համար և կրկին ու կրկին միջազգային ճնշման և աջակցության կոչ եմ անում: Պետք է շարունակել Ադրբեջանի վրա ճնշում բանեցնել Լաչինի միջանցքի բացման համար, որը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ ուղիղ կապն է։ Պետք է նաեւ շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Ստեղծված իրավիճակը ակնհայտորեն խախտում է 2020 թվականի եռակողմ հայտարարությունը, որտեղ երաշխավորված էր, որ այդ միջանցքը գործելու է երկու ուղղություններով, և դրա երաշխավորը պետք է լինի այնտեղ ռուսական ռազմական ներկայությունը, բայց նրանք չեն կատարում իրենց պարտավորությունները։ Սա կրկին ցույց է տալիս, որ ռուսները ոչ մի իրավիճակում վստահելի գործընկեր չեն, և մյուս միջազգային գործընկերները, ինչպես Եվրամիությունը, և հատկապես Ֆրանսիան, ինչպես նաև ԱՄՆ-ն, պետք է կրկնապատկեն և եռապատկեն իրենց ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար ընդունելի լուծում գտնելու համար։

-Արցախում հումանիտար աղետը, կարծես, այդքան էլ լուրջ չի ընդունվում ԵՄ գործադիրի կողմից։ Ո՞րն է այս անտարբերության, խոսքից գործի չանցնելու իրական պատճառը։

-Անտարբերություն չէի ասի։ Եվրախորհրդարանը բազմիցս քվեարկել է Լեռնային Ղարաբաղի հայերի օգտին և Լաչինի միջանցքի բացման համար։ Եվրամիությունը ռազմական միություն չէ, որը կարող է ուժով իրականացնել մեր ցանկությունները Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի երաշխավորման համար։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք այնտեղ ունենալ մեր մոնիթորինգային առաքելությունը։ Կարող ենք զանգահարել Ադրբեջանի նախագահին և պահանջել, որ նախ կատարվեն 2020 թվականից ստանձնած պարտավորությունները, ապա հարգվի նաև միջազգային դատարանի որոշումը։ Դա թույլ կտա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ունենալ նորմալ կյանք՝ ներառյալ պարենային անվտանգությունն ու բժշկական օգնությունը և կապահովի Լաչինի միջանցքի պատշաճ գործունեությունը երկու ուղղություններով։ Մեր նպատակներին հասնելու համար ճնշում գործադրելու փոխարեն մենք պետք է այս տարրերը դիտարկենք որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև համընդհանուր պայմանագրի մաս։ Այս համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի սահմանների սահմանազատումը, երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի հայերի համար, և դա չպետք է լինի բացառապես Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա։ Միջազգային երաշխիքներն անհրաժեշտ են հայերի առօրյան, կրթությունը, կրոնը, կարիերայի զարգացումը և սոցիալական բարեկեցությունը պաշտպանելու համար, քանի որ Լեռնային Ղարաբաղը նրանց հայրենի տունն է: Մյուս կողմից, այս բոլոր տարրերը պետք է ներառեն ենթակառուցվածքային ներդրումներ և հնարավորություն տան Ադրբեջանին մուտք գործել դեպի Նախիջևան։ Այս էական տարրերը պետք է լինեն երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի անբաժանելի մասը՝ խուսափելով ուժի կիրառումից կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տառապանքներ պատճառելուց։

-Այո, ԵՄ-ն չունի ռազմական լծակներ, բայց ունի պատժամիջոցներ կիրառելու եւ դիվանագիտական հնարավորություններ։ Նույնիսկ միջազգային հեղինակություն ունեցող մասնագետները եւ կառույցներն են ահազանգում, որ տեղի ունեցողը ցեղասպանություն է։ 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհը փնտրում է ցեղասպանությունների կանխարգելման միջոցներ, արցախահայությունը ենթարկվում է ցեղասպանության։ Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է։ Որտեղ ե՞ք դուք տեսնում այդ սխալը։

-Ես դեռ հավատում եմ, որ ռազմական լուծումը հարցի կարգավորման ճանապարհը չէ։ Այս սարսափելի իրավիճակից խուսափելու միակ կենսունակ մոտեցումը Եվրամիության միջնորդությամբ աջակցվող բանակցությունների շարունակությունն է դեպի համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կներառի քիչ առաջ թվարկածս բոլոր անհրաժեշտ տարրերը, երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և Ղարաբաղի հայերի համար երաշխիքների ապահովումը։ Այս տարրերը ռեզոնանսվում են այն ամենի հետ, ինչ մենք գիտենք եռակողմ հայտարարությունից, ինչպես նաև Մինսկի խմբի և դրա հիմնարար սկզբունքների հետ: Երեք հիմնարար սկզբունքները բաղկացած են տարածքային ամբողջականությունից, ժողովուրդների ինքնորոշումից և ուժի չկիրառումից։ Այդ սկզբունքներից երկուսը խախտվել են՝ եղել է ուժի կիրառում, իսկ ժողովրդի ինքնորոշման նկատմամբ հարգանքը բացակայում է։ Հետևաբար, կարևորագույն ասպեկտներից մեկը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքների ապահովումը։

-Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից Ադրբեջանն առևանգել է երեք հայ ուսանողների, որոնք Հայաստան էին գնում ուսումը շարունակելու նպատակով։ Նրանք այս պահին Բաքվում կալանավորված են։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում այս իրավիճակը։

-Ենթադրում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները կպնդեն, որ այդ երիտասարդները, ըստ ադրբեջանական չափանիշների, ներգրավված են եղել անօրինական համարվող գործողություններում, ինչն էլ օգտագործում են որպես հիմնավորում: Նմանատիպ բացատրություններ են տրվել նաեւ ռազմագերիների վերաբերյալ։ Նրանք պնդում են, որ այդ անձինք ռազմագերի չեն, այլ հանցավոր գործողություններ են կատարել։ Սակայն այս դիրքորոշումը հակասում է Ստրասբուրգի միջազգային դատարանի վճիռներին և բոլոր կալանավորներին հայրենադարձելու պարտավորություններին, անկախ նրանից՝ նրանք մեղադրվում են հանցագործություններ կատարելու մեջ, թե ոչ։ Այս տեսակետն ի սկզբանե եղել է Եվրախորհրդարանի հետևողական դիրքորոշումը: Ոչ մի դեպքում ոչ մի հայ չպետք է ենթարկվի առևանգման։

-Ինչպես դուք նշեցիք, ԵԽ-ն բանաձեւերով իր դիրքորոշումներն ամեն անգամ վերահաստատում է։ Ի՞նչ կարող է անել եվրախորհրդարանը բացի բանաձեւեր ընդունելուց, կա՞ն արդյոք այլ լծակներ։ Ի վերջո, գործադիրը շատ հաճախ աչքաթող է անում օրենսդիրի պահանջները։

-Ցավոք, մեր լիազորությունները սահմանափակ են արտաքին հարաբերությունների հարցերում։ Մենք միայն կարող ենք եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և անդամ երկրներին կոչ անել համահունչ լինել Խորհրդարանի գործողություններին եւ պահանջներին: Սա ներառում է տարածաշրջանում միջնորդության և մոնիտորինգի մեր կարողությունների ընդլայնումը: Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ մոնիտորինգ իրականացնել սահմանի ադրբեջանական կողմում։ Բացի այդ, մենք նպատակ ունենք հրավիրել անդամ պետությունների արտաքին գործունեության ուշադրությունը խաղաղության պայմանագրի հասնելու վրա: Իմ անկեղծ հույսն է, որ մենք կարող ենք արագորեն մեղմել հայերի տառապանքը՝ բացելով Լաչինի միջանցքը երկու ուղղություններով և գտնել վստահության ամրապնդման միջոցներ։ Սա չափազանց կարեւոր եւ անհրաժեշտ է։ Ես նաև ասել եմ ադրբեջանական կողմին, որ, եթե նրանք իսկապես խաղաղության են ձգտում, պետք է հարգանք ցուցաբերեն հակառակ կողմի նկատմամբ և վստահություն զարգացնեն։ Այս մոտեցումը վճռորոշ է Հայաստանում հանրային աջակցություն ստանալու համար, ինչը հնարավորություն կտա վարչապետին հավանություն տալ այս պայմանագրին: Բացասական նորությունների անողոք հոսքը և շարունակական տառապանքը չեն նպաստի փոխադարձ լուծումներ գտնելուն և բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Միակողմանի զիջումներ պահանջելը բացարձակապես անընդունելի է։ Լեռնային Ղարաբաղի հայերը պահանջում են երաշխիքներ իրենց կյանքի և տեղական կառավարման անխափան գործունեության համար։ Ադրբեջանը պետք է հասկանա եւ հարգի սա։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հայերեն English Español Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում