Մշակույթ

Գյումրեցի նկարիչների աշխատանքները ներկայացվեցին «Սերունդների երկխոսություն» պատկերագրքում

3 րոպեի ընթերցում

Գյումրեցի նկարիչների աշխատանքները ներկայացվեցին «Սերունդների երկխոսություն» պատկերագրքում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու համայնքապետարանի ցուցասրահում օգոստոսի 25-ին տեղի ունեցավ գյումրեցի նկարիչների «Սերունդների երկխոսություն» պատկերագրքի շնորհանդեսը։ Առաջին անգամ Գյումրիում ներկայացվեց նաև նախագծի DJ ART տարբերակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատկերագրքի համար հիմք ծառայել է համանուն նախագիծը, որի շրջանակներում ներկայացվել են գյումրեցի նկարչական ընտանիքներ։

Նախագիծն իրականացնում է Հայկական կրթամշակութային «Ռեալ Արտ» հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ: Նախագծի հեղինակը արվեստաբան Արաքս Մարգարյանն է։ Նպատակն է բացահայտել Ալեքսանդրապոլ/Լենինական/Գյումրու մշակութային բեղունության գաղտնիքը, ներկայացնել սերնդափոխությունը կերպարվեստի ոլորտում, ցույց տալ տեղի ունեցող զարգացումները։ Նախագիծը հետամուտ է հանրայնացնել Գյումրու կերպարվեստը, այն դարձնել գրավիչ ու Ճանաչելի։

Նախագծի շրջանակներում, անցած ամիսների ընթացքում, ներկայացվել է 4 նկարչական ընտանիք՝ Միրզոյաններ, Ղուկասյաններ, Մանուկյաններ և Ավետիսյաններ, 8 ստեղծագործողների, որոնք աշխատում են տարբեր ոճերով, տեխնիկաներով։ Նախագիծն իրականացվել է Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ։

«Նախագիծը սիրվեց ու հավանության արժանացավ ինչպես գյումրեցիների, այնպես էլ քաղաք այցելած հյուրերի կողմից, ինչի մասին փաստում է այցելուների թիվը՝ ավելի քան երեք հազար, սակայն, ես կարծում եմ, նախագիծը կունենա նաև շարունակություն, քանի որ քաղաքում շատ հրաշալի նկարչական ընտանիքներ էլի կան ու նախագիծը չի կարելի ավարտված համարել։ Գյումրին ունի մեծ ներուժ։ Հենց այս նախագծի ծնունդը այս գիրքն է, որն ավելի վիզուալ է»,- նշեց նախագծի հեղինակ Արաքս Մարգարյանը՝ շնորհակալություն հայտնելով նրանց, ում շնորհիվ պատկերագիրքը հրատարակվել է։

«Այս նախագիծն այն սիրունագույն նախագծերից մեկն է, որ երբևէ ունեցել էինք Գյումրիում։ Շատ հետաքրքիր խորհուրդ ուներ՝ մի կողմից՝ սերունդների միջև կապը, մյուս կողմից՝ դեպի ապագան նայող։ Այն նաև անդրադարձ է այն արվեստագետներին, ում մինչ այս առիթ չէինք ունեցել ներկայացնելու կամ տևական ժամանակ ցուցադրություն չէր եղել։ Ես վստահ եմ, որ հաջորդ տարի ևս նախագիծը շարունակություն կունենա»,- ասաց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը՝ Գյումրու քաղաքապետի անունից շնորհակալագրեր հանձնելով նախագծի մասնակիցներին ու հեղինակներին։

Պատկերագրքի ու տեքստերի հեղինակը Արաքս Մարգարյանն է, լուսանկարները՝ Գուրգեն Գինոսյանի, ձևավորումը՝ Մկրտիչ Մաթևոսյանի։ Պատկերագիրքը երկլեզուն է՝ անգլերեն թարգմանությունը Մարինե Հովհաննիսյանի և Կարինե Արևշատյանի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում