Մշակույթ

Վերանորոգումից հետո կրկին այցելուների առաջ իր դռներն է բացել քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը

3 րոպեի ընթերցում

Վերանորոգումից հետո  կրկին այցելուների առաջ իր դռներն է բացել  քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերանորոգումից հետո կրկին այցելուների առաջ իր դռներն է բացել ականավոր քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մոտ երկու ամիս տևած աշխատանքներից հետո վերանորոգվել է ցուցասրահներից մեկի հատակը, որի վերանորոգումն անհետաձգելի էր։

«Հատակն ամբողջովին փտել էր ու վտանգավոր էր այցելուների համար։ Աշխատանքների արդյունքում ամբողջովին փոխվել են հատակի տախտակները»,-ասում է թանգարանի տնօրեն Անի Նազարյանը, տեղեկացնելով, որ շինությունն ունի նաև տարիների չլուծվող՝ շենքի ջրահեռացման հետ կապված խնդիր, ինչը լուծելու համար բավական մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում։ Հենց այդ նույն խնդրի պատճառով էլ պատերը պարբերաբար խոնավանում են։ «Թեև հիմա խնդիրը մի փոքր թեթևացել է ու որոշ չափով պատերը չորացել են, բայց հարցը հիմնովին լուծված չէ՝ ժամանակի ընթացքում կրկին ջուր է հավաքվում, ինչն էլ պատերի ու հատակի խոնավության պատճառ է դառնում։ Թանգարանում կոսմետիկ վերանորոգումներ պարբերաբար արվում են, բայց պետք է արվի հիմնանորոգում, անհրաժեշտ է տեղադրել ջրահեռացման համակարգ, անհրաժեշտ է վերանորոգել նաև տանիքը»,- նշեց Անի Նազարյանը։

Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են թանգարանի արտաբյուջեի հաշվին՝ մոտ կես միլիոն դրամ գումարի շրջանակներում։ Թանգարանում այս պահին դեռ վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

Սերգեյ Մերկուրովի ստեղծած մոնումենտալ քանդակները կանգնեցվել են խորհրդային գրեթե բոլոր հանրապետություններում, բայց քանդակագործի ամենահայտնի հավաքածուն նրա կյանքի ընթացքում մահացած մարդկանց ու համաշխարհային առաջնորդների հետմահու դիմակներն են, որոնց թիվը գերազանցում է 300-ը։ Դրանց մեծ մասի կրկնօրինակները պահվում են Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում, որը գտնվում է Գյումրու Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի անմիջական հարևանությամբ։ Տունը, որտեղ ծնվել է Սերգեյ Մերկուրովը, 1869 թվականին կառուցել է քանդակագործի պապը՝ Ֆյոդր Մերկուրովը: Քանդակագործը 1950 թվականին, որպես տան միակ ժառանգ, կառույցը նվիրել է քաղաքին, իսկ 1984 թվականին այստեղ բացվել է քանդակագործի տուն-թանգարանը:

Թանգարանում ցուցադրված են Մերկուրովի աշխատանքները, նրա փաստաթղթերն ու անձնական իրերը: Ցուցադրության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում ճանաչված մարդկանց՝ Լև Տոլստոյի, Հովհաննես Թումանյանի, Խրիմյան Հայրիկի, Վլադիմիր Լենինի, Ալբերտ Էյնշտեյնի և ուրիշների հետմահու դիմակները: Այս թանգարանում է պահվում նաև հենց նրա` քանդակագործի հետմահու դիմակը, որը ստեղծել է նրա աշակերտներից մեկը։

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում