Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առիթով: «Արմենպրես»-ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, և այսօր նշում ենք այդ իրադարձության 33-րդ տարեդարձը:

Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը: Այն ընդունվեց 1988 թվականից ծավալվող Ղարաբաղյան շարժման գագաթնակետին, Խորհրդային Միությունում թևածող տնտեսական, քաղաքական, գաղափարական ճգնաժամի պայմաններում:

2020 թվականի պատերազմից առաջ ու հատկապես պատերազմից հետո բազմիցս եմ ընթերցել և վերընթերցել Հռչակագրի տեքստը: Եվ պետք է խոստովանեմ, հետպատերազմյան ընթերցումներս որոշակիորեն տարբերվել են նախապատերազմյան ընթերցումներից:

Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:

Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի:

Հիմա մենք չգիտենք, վստահաբար չենք կարող ասել, թե ինչպիսին կլինեին և ինչի կհանգեցնեին մյուս ճանապարհները, բայց արդեն իսկ անցած ճանապարհը վերլուծելն ու հասկանալը մեր պատմական պարտքն է: 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ և դրանից հետո Հայաստանի անկախության Հռչակագրին վերաբերվել եմ ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է՝ սրանից բխող բոլոր հետևություններով:

Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը անկախության օրակարգն է, որովհետև, եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում:

Ես ընտրում եմ անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրում է անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը:

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Հայերեն العربية English Español فارسی Français Русский

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին