Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ է հանձնել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ է հանձնել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ճգնաժամի վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը: Ընդգծվել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կայացած քննարկումը ևս ցույց տվեց ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքների գիտակցումը և Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան վերաբացման կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ-ոմ հումանիտար իրավիճակի սրումը կարող է լուրջ հարվածի տակ դնել տարածաշրջանում կայունության հաստատման հարցում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանն առնչվող հարցերի:

Արարատ Միրզոյանը նշել է, որ բարձր է գնահատում դեսպանի ներդրումը ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման գործում՝ ընդգծելով նրա պաշտոնավարման ընթացքում արձանագրված կարևոր ձեռքբերումները, և հանձնել ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում