Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն պետք է տրամադրվի անհապաղ կերպով. ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն պետք է տրամադրվի անհապաղ կերպով. ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ Միշել Խավիեր Բիանգը մտահոգություն է հայտնել իրավիճակի վերաբերյալ, որում հայտնվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գաբոնի ներկայացուցիչը խոսել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Նա վկայակոչել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերջին զեկույցներն այն մասին, որ ԼՂ բնակչությունը սննդի, դեղորայքի և բժշկական սարքավորումների պակաս ունի: Շեշտվեց, որ դա առանձնապես մտահոգիչ է խոցելի խմբերի՝ երեխաների, ծերերի, հղիների դեպքում:

«Մարդասիրական օգնությունը պետք է տրամադրվի անհապաղ կերպով՝ առանց հարցի քաղաքականացման»,-ընդգծեց դեսպան Բիանգը:

Շեշտվեց, որ անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ պետք է ապահովվի՝ կանխելու համար քաղաքացիական բնակչությանը սպառնացող հետագա վտանգները: Գաբոնի մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական քննարկումները պետք է շարունակվեն՝ կանխելու համար նոր ռազմական հակամարտությունը:

Գաբոնի ներկայացուցիչը կողմերին կոչ արեց զերծ մնալ ուժի կիրառման սպառնալիքից և ռազմական հռետորաբանությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում