Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստում դատապարտեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և ապաշրջափակման կոչ արեց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան դատապարտում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված մարդասիրական բեռի արգելափակումը, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության խոչընդոտումը Ադրբեջանի կողմից, ինչը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը։

Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծեց՝ ամբողջական շրջափակման ութ ամիսները Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի են հանգեցրել։

«Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումն Ադրբեջանի կողմից շարունակում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը աշխարհի մնացած մասից՝ առանց որևէ իրավաչափ պատճառի, որով կարող էր այդ իրավիճակը հիմնավորվել, և դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին», - նշեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։

Ֆրանսիայի ներկայացուցիչը նաև ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բնակչության համար վերջին ամիսներին ստեղծված ծանր իրավիճակը, այդ թվում՝ գազամատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, գյուղատնտեսական աշխատանքների դժվարությունը, երաշտի ռիսկը, դեղորայքի պակասը՝ կոչ անելով անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

«Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության ուղեբեռի արգելափակումը, որը Հայաստանի իշխանություններն ուղարկել էին հուլիսին, որպեսզի վերացնեն այս իրավիճակի հետևանքները։ Նույնը վերաբերում է նաև ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտելուն, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները։ Դա անընդունելի է։ Հաշվի առնելով իրավիճակի ծանրությունը՝ Ֆրանսիան կոչ է անում, որ անվերապահորեն ու անմիջապես վերականգնվի ապրանքների և մարդկանց անարգել տեղաշարժը երկու ուղղություններով, ինչպես նաև շարունակաբար ապահովվի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը», - նշեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։

Նա հիշեցրեց Արդարադատության միջազգային դատարանի որոշումների մասին, որոնք պահանջում են, որ Ադրբեջանը ձեռնարկի իրենից կախված բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու համար։

«Ֆրանսիան լիովին հանձնառու է մնում տարածաշրջանում տևական և արդար խաղաղության օրակարգին։ Այս առումով Ֆրանսիան կոչ է անում, որպեսզի վերսկսվեն բանակցություններն՝ ուղղված բոլոր չլուծված խնդիրների լուծմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցերին։ Այդպիսի լուծումը հնարավոր է միայն երկխոսությամբ՝ բացառելով ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումը», - հավելեց Ֆրանսիայի ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ Ֆրանսիան, ԵՄ-ին զուգահեռ, կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ջանքերին։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս