ԳԱՎԱՌ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սևան» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնն այս տարի կազմակերպվել է Սևանի թիվ 1 հանրային լողափում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, փառատոնին մասնակցել են 16 երաժշտական խումբ Հայաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից: Շուրջ 80 երաժիշտ ռոքի, ֆոլկի ու ֆոլկ ռոքի սիրահարներին պարգևել են երաժշտական տոն, որի շնորհիվ միմյանց հանդիպել են Հայաստանի և արտերկրի տարբեր երաժշտախմբեր, անհատ կատարողներ, խմորվել են նոր գաղափարներ, հենց տեղում ծնվել են երաժշտական կատարումներ: Միաժամանակ փառատոնը ձեռք է բերել նոր գործընկերներ, որոնք միացել են արդեն տարիներ շարունակ փառատոնի կազմակերպիչների կողքին կանգնած անհատներին և կազմակերպություններին:
«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակած փառատոնը, որն անցնում է «Շնորհակալություն ասենք Սևանին» կարգախոսով, Սևանա լճի նկատմամբ վերաբերմունքի արտահայտման ինքնատիպ ձևաչափ է, որն օգնում է ոչ միայն մեր շնորհակալությունը հայտնել լճին, այլ նաև լճի միջոցով ի ցույց դնել մի շարք խնդիրներ, վեր հանել բնապահպանական հիմնահարցեր:
«Այս տարի զբոսաշրջիկներին հետաքրքրում էր փառատոնի հետ կապված մի շարք տեղեկատվական հարցեր: Տեղում արդեն տեսանք, որ մասնակիցների զգալի մասը դրսից էր: Մեկ նկատառում ևս. փառատոնի բացման օրը հանրապետությունում մեծամասշտաբ այլ միջոցառումներ ևս կային` Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողություն, Դիլիջանում տեղի ունեցող փառատոն, և բնականաբար, չէինք ակնկալում մեծ հոսք, սակայն արդյունքը գերազանցեց մեր սպասելիքները: Միայն փառատոնային տարածքում շուրջ 3500 մարդ կար: Հավելեմ, որ յուրաքանչյուր բրենդ բերում էր իր հանդիսատեսը, և հոսքն անընդհատ էր: Սննդի տաղավարներում էլ այս տարի տեղացիներն էին. առաջին անգամ էր, որ տնտեսվարողներն արձագանքեցին շատ արագ, և արդյունքն էլ գոհացուցիչ էր», -նշել է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախագահ Գոհար Մնացականյանը։
Խոսրով Խլղաթյան