Ընտրություններում մասնակիցների բազմաքանակությունը ապրիորի դեռ չի նշանակում բազմաբովանդակություն. քաղտեխնոլոգ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի ավագանու ընտրություններում կենսական նշանակություն կունենա մայրաքաղաքի զարգացման հստակ տեսլականի ներկայացումը, որն ամենասկզբունքային և կարևոր գործոններից մեկն է լինելու գալիք ընտրապայքարում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններից։

Նշենք, որ քաղաքական միավորների առաջադրումն ավարտվել է և առաջադրվել է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և մեկ դաշինք։ ԿԸՀ-ն ներկայացված փաստաթղթերն ստուգելու և առաջադրված թեկնածուներին գրանցելու համար ունի 5 օր՝ մինչև օգոստոսի 18-ը։

«Ընտրություններում մասնակիցների բազմաքանակությունը ապրիորի դեռ չի նշանակում բազմաբովանդակություն։ Գործընթացին կարող է մասնակցել ընդամենը երկու քաղաքական ուժ, բայց մարդիկ ունենան ընտրության հնարավորություն, և հակառակը՝ կարող են մասնակցել տասնյակ կուսակցություններ, սակայն ընտրողն այդպես էլ չկողմնորոշվի նրանց միջև։ Թեև պայքարն ընթանալու է հիմնական երկու մրցակիցների՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունների միջև, այդուհանդերձ, գրանցումների արդյունքում ստացվել է բավականին խայտաբղետ ու բազմաքանակ պատկեր»,- ասաց քաղտեխնոլոգը։

Բադալյանի կարծիքով՝ նախորդ երեսուն տարիների ընթացքում տեղի ունեցած ընտրություններից կարելի է գալ եզրակացության, որ քաղաքական միավորները միշտ էլ սկզբում խուսափում են ակտիվորեն հայտարարել իրենց մասնակցության մասին և թվում է, թե ամեն ինչ լինելու է միապաղաղ, առանց ինտրիգների, սակայն գրանցման վերջին օրն ի հայտ է գալիս թեկնածուների ամբողջական համապատկերը, որն էլ բնորոշվում է բազմակոլորիտությամբ։

«Ասել, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերն ունեն հաղթելու միևնույն նպատակը, լուրջ չի լինի։ Ընտրություններն առհասարակ ծառայում են տարբեր նպատակների համար։ Կան ուժեր, որոնք ընտրական գործընթացն օգտագործում են իրենց հաղթանակն ապահովելու և ամրագրելու համար, ոմանք ի սկզբանե պայքարում են երկրորդ կամ երրորդ տեղի համար, իսկ ոմանք էլ ընդհանրապես մասնակցում են լոկ իրենց ներկայացնելու համար կամ պարզապես զբաղվում են իրենց քաղաքական PR-ով։ Կան նաև այնպիսի ուժեր, որոնք մասնակցում են ընտրություններին այլ միավորների դեմ սև քարոզչություն իրականացնելու համար»,- ասաց Բադալյանը։

Խոսելով այն մասին, որ համապետական վերջին ընտրություններին ընտրողների կեսը չի մասնակցել այդ գործընթացին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ տոկոսներով դատելն այս պահին տրամաբանված չէ, որովհետև մեզանում բավականին բարձր են արտագաղթի ցուցանիշները, և ոչ բոլոր հեռացողներն են դուրս գալիս հաշվառումից ու ընտրացուցակներից։ Ավելին, տասնյակ տարիներ բնակվելով արտերկրում՝ շատերը թեև չեն հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից և նրանց թվաքանակը պահպանվում է ընդհանուր տոկոսային հաշվեկշռում, սակայն նրանք ակտիվություն չեն ցուցաբերում ներհայաստանյան գործընթացների նկատմամբ։ Հետևաբար՝ պետք է պարզել, թե իրականում քանի ընտրող կա Հայաստանում և պատկերացումներ կազմել՝ ելնելով հենց ընտրողների թվաքանակի հարաբերակցությունից։

«Սխալ է այն տեսակետը, թե քաղաքական ուժը պետք է աշխատի, հատուկ տեխնոլոգիաներ կիրառի, որ մարդկանց մասնակցության տոկոսը բարձրացնի։ Քաղաքական միավորը պետք է աշխատի իր ծրագրերն ու գաղափարախոսությունն այնպես մատուցել, որ կոնկրետ իր պոտենցիալ ընտրողները գան ընտրատեղամասեր»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։

Մանվել Մարգարյան

Հայերեն Русский

Հայաստանի առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿԾ-ում քննարկել են «Աբովյան» և «Արթիկ» ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրները

Սեուտա ներթափանցած շուրջ 50 հազար միգրանտներից ավելի քան 48 հազարը վերադարձել է Մարոկկո

Վարչապետն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան. քննարկվել են ՀՀ-ում ԱԲ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները

Առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները. Ռուբիո

Հայաստանի դեսպանն ու Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսը հանդիպել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին

Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի պատճառները պարզելու համար ներքին հետաքննություն կանցկացվի

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ

Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին