Մշակույթ

Գավառում նախապատրաստվում են «ՖեստիՎառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին

2 րոպեի ընթերցում

Գավառում նախապատրաստվում են «ՖեստիՎառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին

ԳԱՎԱՌ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում կկայանա «ՖեստիՎառ» երաժշտական և զբոսաշրջային փառատոնը: Փառատոնի կազմակերպման և պատշաճ անցկացման համար Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ու Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը համատեղ խորհրդակցություն են անցկացրել փառատոնի կազմակերպիչների, Գավառի համայնքապետարանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, փառատոնը կազմակերպում է Հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիքը»՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ամբողջ օրը քաղաքի կենտրոնում ելույթ կունենան Գեղարքունիքի մարզի և մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիները, իսկ երեկոյան ժամը 20-ին կմեկնարկի մեծ համերգը՝ Առաջին ստուդիա Kami Friends-ի մասնակցությամբ, որին կմասնակցեն Արամ MP3, Էրիկ Կարապետյանը, Բրյունետը, Սոնա Ռուբենյանը, Արսեն Գրիգորյանը։

Մարզ ժամանած բազմաթիվ արտասահմանցի ու տեղացի հյուրերի համար կգործեն հյուրատներ, ռեստորաններ, սննդի կետեր, մի քանի ուղղություններով կիրականացվեն տուրիստական արշավներ դեպի մարզի պատմության և բնության հուշարձաններ։

Մարզպետ Կարեն Սարգսյանը պատկան մարմիններին հրահանգել է ապահովել ծրագրի կատարման պատշաճ ընթացքը և քաղաքացիների իրազեկումը՝ օգոստոսի 12-ին հնարավոր ուղիներով Գավառի կենտրոնական հրապարակը շրջանցելու համար։

«Զբոսաշրջային և երաժշտական այս փառատոնը Գեղարքունիքի մարզի պատմության մեջ լինելու է աննախադեպ։ Այն իր բովանդակությամբ ոչ միայն հանրահռչակելու է մեր մարզի մշակութային կյանքն ու զբոսաշրջային գրավչությունները, այլ նաև դառնալու է տպավորիչ ու հիշարժան ժամանցային օր՝ մեկտեղելով երաժշտական արվեստն ու զբոսաշրջությունը, օժանդակելով ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց կամ կազմակերպություններին»,-նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում