Մշակույթ

Միջազգային Gyumri Art Week-ը կհամախմբի ժամանակակից արվեստի սիրահարներին

3 րոպեի ընթերցում

Միջազգային Gyumri Art Week-ը կհամախմբի ժամանակակից արվեստի սիրահարներին

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում օգոստոսի 4–20-ը կանցկացվի միջազգային Gyumri Art Week-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Gyumri Art Week-ը ժամանակակից արվեստի փառատոն է, որն անցկացվում է տարին մեկ անգամ։

Օգոստոսի 3-ին, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում, Gyumri Art Week-ը ներկայացնող մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի համադրող ու հեղինակ Սարգիս Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Gyumri Art Week-ի առանձնահատկությունն այն է, որ այն միավորելու է ոչ միայն արվեստագետներին, արվեստասերներին, այլ նաև մի քանի արվեստային նախագծեր:

«Անցած տարի անցկացված փառատոնի արձագանքը խոսեց այն մասին, որ կարիքը կա փառատոնը կրկնելու: Այս ձևաչափը նորություն չէ, այն կա ու գործում է եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, բայց մենք այն վերցրել ու տեղայնացրել ենք՝ ի տարբերություն մյուս երկրներում անցկացվող փառատոնների, Գյումրուց բացի, ցուցադրություններ, դասախոսություններ և այլ միջոցառումներ, նախագծեր կիրականացվեն նաև Երևանում, Օձունում, Ստեփանավանում: Միջազգային Gyumri Art Week 2023-ը սինթեզում և վերանայում է ուսումնասիրության նոր մոդելների կիրառումը, ինչպես նաև վերաիմաստավորում ժամանակակից մարդու ընկալումները ժամանակի տեսլականի մեջ, որտեղ խաչաձևվում են մաթեմատիկական տարերը, արվեստը, կրոնական ներկապնակը»,- իր խոսքում նշեց Սարգիս Հովհաննիսյանը, փաստելով՝ փառատոնը ոչ միայն լավ հնարավորություն է միջազգային, այլ նաև Հայաստանի տարբեր մարզերում ստեղծագործող արվեստագետներին ու նրանց ստեղծած ժամանակակից արվեստին ծանոթանալու համար:

«Շարունակականության ու զարգացման առումով շատ կարևոր միջոցառում է: Գյումրին քաղաք է, որը կրում է ժամանակակից արվեստի դրոշմը՝ դեռ տարիներ առաջ է Գյումրին ունեցել ժամանակակից արվեստի բիենալե, որը, ցավոք սրտի, շարունակություն չունեցավ, ու այդ բացը քաղաքը զգում էր: Հիմա, հսկայական աշխատանքի ու լավ թիմի շնորհիվ արդեն այդ բացը լրացվում է, ու այս նախագիծն այլևս կայացած է»,- ընդգծեց «Գալերի 25»-ի ղեկավար Արտ-Ալեքս Տեր-Մինասյանը:

Gyumri Art Week-ը ներկայացնում է ժամանակակից արվեստը բոլոր դրսևորումներով` ցուցահանդեսներ, ներկայացումներ, վիդեոարտեր, ինստալյացիաներ, համերգներ, ինչպես նաև ճանաչողական էքսկուրսիաներ արտ-ստուդիաներում, արվեստի ռեզիդենցիաներ Հայաստանի տարբեր մարզերում, պանելային քննարկումներ, ինչպես նաև միջամտություններ հանրային տարածքներում:

Երկրորդ միջազգային Gyumri Art Week-ի կազմակերպիչներն են «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը», «5-րդ հարկ» մշակութային խումբը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Բեռլին արտ» հյուրանոցը՝ CYLAND Media Art Lab-ի աջակցությամբ և համագործակցությամբ:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում