Քաղաքականություն

ԼՂ-ի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հրատապ կերպով հասցեագրվեն. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հրատապ կերպով հասցեագրվեն. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հուլիսի 27-ին կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում արագորեն վատթարացող հումանիտար ճգնաժամի և վերջին զարգացումների վրա։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, դեսպան Պապիկյանը, մասնավորապես, ընդգծել է, որ հունիսի 15-ից շարունակվող Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով մարդասիրական մատակարարումների խափանումը, հանգեցրել են սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի,որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է մարդասիրական աղետալի իրավիճակ։

ՀՀ առաքելության ղեկավարը շեշտել է Արցախի 120 000 ժողովրդի անհատական և կոլեկտիվ հիմնարար իրավունքների համատարած խախտումների առնչությամբ ԵԱՀԿ և նրա գործադիր կառույցների կողմից համապատասխան անհրաժեշտ քայլերի կարևորությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանի և նրա իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը՝ ստիպելու կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումներով սահմանված պարտավորությունները։

Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հրատապ կերպով հասցեագրվեն՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ միջազգային ներգրավվածության և հստակ երաշխիքների ապահովմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում