Հասարակական

Դժոխքի կողքին կեղծ դրախտի մասին հաղորդում տալը ո՛չ մարդկային է, ո՛չ մասնագիտական․ արցախցի լրագրողները՝ Շուշիում ընթացող մեդիա-ֆորումի մասնակիցներին

5 րոպեի ընթերցում

Դժոխքի կողքին կեղծ դրախտի մասին հաղորդում տալը ո՛չ մարդկային է, ո՛չ մասնագիտական․ արցախցի լրագրողները՝ Շուշիում ընթացող մեդիա-ֆորումի մասնակիցներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախցի մի խումբ լրագրողներ հուլիսի 22-ին, խաղաղ ակցիա են իրականացրել Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհահատվածին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցներն Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում կազմակերպված Գլոբալ մեդիա-ֆորումի մասնակիցներին կոչ են արել հավատարիմ մնալ իրենց առաքելությանը որպես լրագրող՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը:

Խաղաղ ցուցարարները Արցախի Հանրապետության լրագրողների համայնքի կողմից անգլերենով և ռուսերենով, այսպես ասած՝ մարդկային և մասնագիտական կոչ են ուղղել ֆորումի մասնակիցներին.

«Հաշվի առնելով, որ դուք՝ ավելի քան 120 լրատվամիջոցներից և 50 երկրներից, այցելել եք Ադրբեջան՝ նրա բռնապետական ​​ռեժիմի հրավերով,

հաշվի առնելով աշխարհում խոսքի ազատության ապահովման հարցում Ադրբեջանի ամենաբացասական ռեկորդներից մեկը, այդ թվում՝ ներկայումս ազատազրկման և ճնշումների տակ գտնվող բազմաթիվ լրագրողների առկայությունը,

հաշվի առնելով մանիպուլյացիաների, կեղծիքների և միջազգային լրատվամիջոցների վրա ապօրինի ազդեցության Ադրբեջանի երկարամյա փորձը,

նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ Շուշիի բնիկ հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը կեղծելու ադրբեջանական քաղաքականությունը,

Նկատի ունենալով Ադրբեջանի հակահայկական էթնիկ ատելության և խտրական պետական ​​քաղաքականության լույսի ներքո՝ միջազգային դատարանների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված բազմաթիվ օրինակները,

ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանն ավելի քան 7 ամիս, որից 5 շաբաթը՝ լիակատար, շրջափակել է Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչությյանը՝ նրանց թողնելով առանց սննդի, դեղորայքի, վառելիքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների,

անհանգստանալով Լեռնային Ղարաբաղում վատթարացող սուր հումանիտար ճգնաժամով, սովի բարձր ռիսկերով, նորածինների և չծնված երեխաների մահացության կրկնակի մակարդակով, հղիների շրջանում անեմիայի 90%-ով, հասարակական տրանսպորտի, գյուղատնտեսական և այլ տնտեսական գործունեության դադարեցմամբ, գործազրկության և աղքատության կտրուկ աճով,

հաշվի առնելով Ադրբեջանի մերժումը՝ կատարելու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումները Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու մասին,

հաշվի առնելով միջազգային փաստահավաք առաքելությունների, օտարերկրյա լրագրողների և մարդասիրական կազմակերպությունների համար Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու, իրական իրավիճակն արձանագրելու և զեկուցելու համար Ադրբեջանի խոչընդոտները,

մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լրագրողներս, կոչ ենք անում Ձեզ ձեռնարկել հետևյալ քայլերը.

դադարեցնել Լեռնային Ղարաբաղի, շրջափակման և ընդհանուր հակամարտության վերաբերյալ միայն միակողմանի տեղեկությունների և նարատիվների հաղորդումը,

դադարեցնել խոսքի ազատության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների դեմ բռնապետական ռեժիմի կողմից ​​աղաղակող խախտումներին աջակցելը,

գալ ձեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեր համայնքներ՝ լուսաբանելու մեր ժողովրդի իրական կյանքը և ձեզ Շուշի հրավիրողների ու կերակրողների իրական դեմքը,

հավատարիմ մնալ ձեր առաքելությանը որպես լրագրող՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը,

զերծ մնալ բռնապետական ​​ձեռքում գործիք դառնալուց և էթնիկ զտումների քաղաքականությունը խթանելուց։

Հակառակ դեպքում դուք ծանր պատասխանատվություն եք կրում մարդկության դեմ շարունակվող այս հանցագործության համար:

Դժոխքի կողքին կեղծ դրախտի մասին հաղորդում տալը ո՛չ մարդկային է, ո՛չ մասնագիտական, ո՛չ օրինական:

Մենք հավատում ենք, որ դուք կարող եք փոփոխություն կատարել աշխարհում և փրկել մարդկային կյանքեր: Մենք ակնկալում ենք ձեր մարդկային և մասնագիտական ​​աջակցությունը՝ ի պաշտպանություն ճշմարտության, մարդու իրավունքների, ազատությունների և արժանապատվության»,-նշել են արցախցի լրագրողներն իրենց կոչ-ուղերձում:

Ակցիային լրագրողների հրավերով ներկա է գտնվել նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում