ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախից և հարակից շրջաններից բռնի տեղահանված և փախստական դարձած մի քանի տասնյակ հազար հայերի ներկայացնող հասարակական կազմակերպություները ողջունում են հավաստի տեղեկությունները 2023թ. հուլիսին Բրյուսելյան բանակցությունների շրջանակներում իրենց նախկին բնակավայրեր ապահով և արժանապատիվ վերադարձի հարցի քննարկման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է վերոհիշյալ հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ
«Մենք՝ Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղից) և հարակից շրջաններից, մասնավորապես՝ Շուշիի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Շահումյանի շրջաններից և Գետաշենի ենթաշրջանից բռնի տեղահանված և փախստական դարձած մի քանի տասնյակ հազար հայերի ներկայացնող հասարակական կազմակերպություներս, ողջունում ենք մեզ հասած հավաստի տեղեկությունները 2023թ. հուլիսին Բրյուսելյան բանակցությունների շրջանակներում նշված շրջաններ (բնակավայրեր) մեր ապահով և արժանապատիվ վերադարձի քննարկման վերաբերյալ:
Ընդգծում ենք, որ վերադառնալու մեր իրավունքը արձանագրված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության 7-րդ կետում, որտեղ ասված է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Ելնելով վերոհիշյալից՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին մեր վերադարձի պայմանների ապահովման համար քննարկումների պատշաճ ֆորմատ ստեղծել՝ ներառելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներին:
Մեր վերադարձը պետք է ապահովեն ՄԱԿ խաղաղապահ զորքերը, այլապես մենք չենք կարող ունենալ անվտանգության երաշխիքներ։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում աջակցել մեր լեգիտիմ իրավունքների պաշտպանությանը: ՀՀ վարչապետին կոչ ենք անում միջազգային բոլոր ձևաչափերում բարձրացնել մեր հարցը»,- նշվում է հայտարարության մեջ: