Քաղաքականություն

Առկա են շատ քայլեր, որոնք ՀՀ-ն և Թուրքիան արդեն կարող են իրականացնել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Առկա են շատ քայլեր, որոնք ՀՀ-ն և Թուրքիան արդեն կարող են իրականացնել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել Հայաստանի ր Թուրքիայի կողմից՝ վստահ լինելու համար, որ կողմերը ճիշտ ուղու վրա են դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում, երկու երկրների միջև սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վիեննայում Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողի հարցին. «Պարոն Շալենբերգն առաջարկել է Վիեննան՝ որպես Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հարթակ: Ո՞րն է Ձեր պատասխանը: Արդյո՞ք Դուք դիտարկում եք դա»:

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է.«Եվս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ լավ գործընկերոջը՝ Վիեննան՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հարթակ առաջարկելու համար: Գիտենք, որ մի քանի անգամ մեր ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վիեննայում և հնարավորություն են ունեցել քննարկել կարգավորման հարցերը և հուսով եմ դա կլինի շարունակական: Կցանկանայի հավելել, որ մենք ունեցանք որոշակի դադար այս գործընթացում, որը, կարծում եմ, պայմանավորված էր Թուրքիայում նախընտրական քարոզարշավով և ընտրություններով: Հիմա ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները: Եվ առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել երկու կողմերից՝ վստահ լինելու համար, որ մենք ճիշտ ուղու վրա ենք դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում, երկու երկրների միջև սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Այս պարագայում, ես, իհարկե, առաջին հերթին նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների, նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների համար։ Կան մի քանի այլ նախագծեր, որոնք ևս քննարկվում են»:

Պատասխանելով. «Այս պահին բանակցություններ նախատեսվա՞ծ են» հարցին՝ Արարատ Միրզոյանը պատասխանել է.«Այս պահին համաձայնեցված ամսաթիվ չկա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում