Հասարակական

Վարդավառ․ Պայծառակերպության տոն

5 րոպեի ընթերցում

Վարդավառ․ Պայծառակերպության տոն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Համաձայն Ավետարանի` այդ օրը Հիսուսը, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29):

Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին` մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տոնը հայտնի է նաև Վարդավառ, Վարդևառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

ժողովրդական սովորությունները

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Վարդավառի օրը ընդունված է «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ջրել միմյանց։ Վարդավառն ընդհանրություններ ունի Նավասարդյան տոների հետ, որոնք, ըստ էության, եղել են ամառային արևադարձի տոներ:

Վարդավառը մշտապես տարածված է եղել ոչ միայն Հայաստանում, այլ նաև այն գաղթօջախներում, որտեղ հայերն ապրել են: Այդ պատճառով տոնն ունեցել է նաև հարևան ազգերի կողմից տրված անուններ՝ Գյուվերջին փանայիրի (աղավնիների տոն), Ողլագ ղրան (ուլի մատաղ), Սու Զատկի, Սու պայրամ (ջրի տոն): Դրանք կապված են տոնի հիմնական խորհրդանիշներից մատաղի, ջրի, աղավնու հետ: Վերջիններս հիշեցնում են ժողովրդական այն ավանդությունը, ըստ որի` Վարդավառը Նոյի և համաշխարհային ջրհեղեղի պատմության հիշատակն է:

Տոնի ծիսակարգում իրենց տեղն են ունեցել հոգևոր և աշխարհիկ ուրախությունները, որոնք փոխլրացրել են միմյանց և լիարժեք դարձրել այն: Ժողովուրդն իմաստավորել է այդքան սպասված միասնական տոնախմբությունը՝ նախ և առաջ հոգ տանելով հոգևոր միասնականության և խաղաղության մասին: Տոնի անքակտելի մաս են կազմում տոնական փոխայցելությունները և շնորհավորանքները, ուխտագնացությունները, տոնական սեղանները։

Տոնի ավանդական կերակուրներից են ակդակը, նազուկը, բիշին, հալվան, գաթան՝ մեջը դրված նշանով, արիշտայով փլավը , ձուկը, բլղուրով փլավը, իսկ օրհնված աղով մատաղը մի շարք վայրերում այսօր էլ տոնի ամենակարևոր բաղադրիչներից է:

Վարդավառը հիմնականում նշում են բացօթյա՝ ուխտավայրերում և գետերի, աղբյուրների ակունքների մերձակայքում: Վարդավառյան նշանավոր ուխտավայրերից են Ջնջռլու Սբ Հովհաննես վանքը (Արարատի մարզ), Հովհաննավանքը (Արագածոտնի մարզ), Իշխանավանքը (Գեղարքունիքի մարզ), Անգեղակոթի Սբ Վարդան Զորավար եկեղեցին (Սյունիքի մարզ), Մակարավանքը (Տավուշի մարզ), Սառնաղբյուրի Զաղա կամ Սբ Գրիգոր Լուսավորիչ սրբատեղին (Շիրակի մարզ), Ղալթաղչիի Սբ Հովհաննես մատուռը (Լոռու մարզ) և այլն:

Հարուստ են Վարդավառի խաղային ավանդույթները: Խաղերն ուղեկցվելով երգ ու երաժշտությամբ, ավանդական կենցաղում ապահովել են տոնի ուրախ մթնոլորտը: Ուխտավայրերում կազմակերպվել են ձիարշավներ, գոտեմարտեր, ըմբշամարտեր, փայտախաղեր: Անցկացվել են նաև աշուղական մրցություններ: Սակայն ամենաբնորոշ խաղը եղել է ջրցանությունը, որին մասնակցել են բոլորը: Նույնիսկ երեխաներին և տկարներին թեկուզ մի քիչ թրջվելուց անմասն չեն թողել՝ հավատալով վարդավառյան ջրի բժշկող և մաքրագործող զորությանը:

Տաթև Զաքարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում