Հայկական Moodmap.ai-ը արհեստական բանականության օգնությամբ զանգերի կենտրոնների աշխատանքի վերլուծություն է անում
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Moodmap.ai ստարտափը բանկերի, հեռահաղորդակցական ընկերությունների, առևտրի ոլորտի զանգերի կենտրոնների համար վերլուծություններ է անում: Մարդու էմոցիաները հասկացող արհեստական բանականությամբ օժտված գործիքը հեշտությամբ հասկանում է հաճախորդների ցանկությունները, իսկ օպերատորներին իրական ժամանակում խորհուրդներ է տալիս՝ ինչպես խոսել:
«Moodmap.ai-ը հաճախորդների սպասարկման բարձր որակ ապահովող գործիք է: Օգտագործելով նորարարական արհեստական բանականության մոդելներ բարելավում ենք հաճախորդների սպասարկումը և դարձնում ամբողջովին վերահսկելի օպերատորների աշխատանքը: Վերցնում ենք մարդու ձայնը, տարբեր տրանսֆորմացիաների միջոցով դարձնում սպեկտրոգրամներ, դրանից փորձում հասկանալ մարդու էմոցիաներ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում, այս մասին նշեց ստարտափի հիմնադիր Գագիկ Թամազյանը:
Զանգերի կենտրոնի աշխատանքները վերահսկելու համար հսկայական թիմ է աշխատում: Սակայն, այնուամենայնիվ, հնարավոր չի լինում վերահսկել բոլոր օպերատորների աշխատանքը և բավարարել բոլոր հաճախորդների սպասելիքները: Հիմնադրի խոսքով՝ 2022-ին ԱՄՆ-ում American Express-ի դադարեցված գնումների 78 տոկոսի պատճառը զանգերի կենտրոնի վատ սպասարկումն է եղել։
«Մենք ստեղծել ենք գործիք, որը մարդու ձայնի տոնայնությունից հասկանում է իր էմոցիաները: Դրա հիման վրա մենք կարողանում ենք հասկանալ՝ մարդը նախադասությունը ինչ իմաստով ու ինչպես է արտաբերում: Ներկայիս վերլուծական գործիքները աշխատում են տեքստի հիման վրա, իսկ տեքստային վերլուծությունը հնարավորություն չի տալիս հասկանալ մարդու տրամադրությունը կամ օրինակ՝ սարկազմը, որի հետևանքով անհնար է դառնում հասկանալ՝ հաճախորդը ինչպես է հեռանում քեզնից: Moodmap.ai-ը ավտոմատ կերպով գնահատում է կազմակերպության բոլոր զանգերը և բարձրաձայնում է բիզնեսում առկա խնդիրների մասին»,- մանրամասնեց հիմնադիրը:
Ստարտափի մշակած գործիքը տրամադրում է այնպիսի տեղեկություն, որն անհրաժեշտ է որակի վերահսկման թիմին, CRM-ին և բիզնես վերլուծության թիմին: Գործիքով հնարավոր է հասկանալ հաճախորդի բավարարվածության չափը և օպերատորի աշխատանքի որակը: Արդյունքում՝ ստարտափն ուզում է օպերատորին օգնող գործիք դառնալ:
Թամազյանի խոսքով՝ միտքը ծնվել է դեռ 2018-ին, երբ աշխատում էր հաճախորդների սպասարկման մասնագետ, սակայն այդ շրջանում դեռևս AI տեխնոլոգիաները այդքան հզոր չէին, և գաղափարի իրագործումը տեխնիկապես հնարավոր չէր։
Արդեն 2022-ին, մասնակցելով M1TQ հաքաթոնին, հանդիպում է AI մասնագետների թիմի, և որոշում են իրագործել գաղափարը։ Արդյունքում, moodmap ai-ը հաղթում է M1TQ ծրագիրը և մի շարք այլ ստարտափ մրցույթներ, ինչպես նաև ստանում է դրամաշնորհ ՀՀ ԲՏԱ նախարարությունից:
Այս պահին ստարտափը թիրախավորում է ԱՄՆ շուկայում գործող զանգերի կենտրոնները, որոնք հիմնականում մասնագիտացված են առցանց վաճառքների սպասարկման վրա։ Այս տարվա սեպտեմբերին պատրաստվում են շուկա դուրս գալ և ներդրումներ ներգրավել:
Կարինա Տերտերյան