Քաղաքականություն

ԵԽԽՎ-ի բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով. վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ի բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից իրադրությունը սրելու և Լեռնային Ղարաբաղը հայաթափելու հետևողական քաղաքականությունը ավելի ու ավելի տեսանելի է դառնում միջազգային հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված 2256 բանաձևն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ԵԽԽՎ 2256 բանաձևի 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում Ադրբեջանին մերժել նման հռետորաբանությունն ու քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում՝ հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ ատելության, հանցագործությունների դեմ պայքարելու համար։ Նույն բանաձևի 8-րդ կետում Վեհաժողովն արձանագրում է, որ ներկա անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված կլինի լքել իր տներն ու համայնքները։

«Այս համատեքստում Վեհաժողովը հրատապ կոչ է անում լուծել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդիրները Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում չեզոք մեխանիզմի ներգրավվածության միջոցով։

Վեհաժողովն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, արձանագրել է Լեռնային Ղարաբաղին մատակարարվող բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների արգելափակման փաստը, Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերականգնել այդ մատակարարումները և կատարել Լաչինի միջանցքը ապաարգելփակելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը կարևոր է համարում արձանագրել նաև այն, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևի կապակցությամբ ընդունված հանձնարարականում նույն մարմնի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը գնահատվում է որպես հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամ և Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի ուշադրությունն է հրավիրում այդ ճգնաժամի վրա, ընդգծելով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք հնարավորինս արագ փաստահավաք առաքելություն կազմակերպելու անհրաժեշտությունը։

«ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևողական կլինի բանաձևի դրույթները Նախարարական կոմիտեի, այսինքն՝ ԵԽ գործադիր մարմնի օրակարգում պահելու առումով»,-եզրափակեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում