Ինովացիա

Ապրանքների Shazam. Հայկական HopShop ստարտափն օնլայն գնումներն ավելի հարմար է դարձնում

4 րոպեի ընթերցում

Ապրանքների Shazam. Հայկական HopShop ստարտափն օնլայն գնումներն ավելի հարմար է դարձնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օնլայն գնում կատարողների համար նախատեսված հայկական HopShop ստարտափը «Shazam» է նորաձևության համար: Ստարտափն արհեստական բանականության վրա հիմնված տեսողական որոնման ծրագիր է, որը պարզեցնում է հագուստ, կոշիկներ և աքսեսուարներ գտնելու և գնելու գործընթացը:

«Oգտատերերը կարող են լուսանկարել իրը կամ վերբեռնել առկա լուսանկարը, իսկ հավելվածը կնույնականացնի նմանատիպ իրերը և կտրամադրի գնման տարբերակներ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց ստարտափի համահիմնադիր Տիգրան Չախալյանը:

HM2_8502.JPG (775 KB)

4 հիմնադիրների մոտ ստարտափի գաղափարը ծնվել է 2020 թվականին, գործարկել են 2021 թվականին: Չախարյանի խոսքով՝ նրանց մեջ տարիքային տարբերությունը մեծ է, ինչն օգնում է առաջացած խնդիրներին 4 տարբեր ուղղությունից դիտարկել: Չախալյանն իր կարիերան սկսել է 20 տարեկանից, հիմա 25 տարեկան է, ասում է՝ 5 տարիների ընթացքում հաջողացրել է երկու ստարտափ ձախողել:

«Ստարտափի գաղափարը ծագել է, երբ ծանոթներիցս մեկը կինոյի մեջ հագուստ էր տեսել ու հավանել: Ուզում էր այդ հագուստից ձեռք բերել, բայց ոչ մի տեղ չէր գտնում: Փորձեցի օգնել. համացանցով որոնեցի, Google-ով փնտրեցի: Հենց փնտրելու ժամանակ մտածեցի՝ ինչ լավ կլիներ նորաձևության «Shazam» լիներ, ու ծագեց հավելվածի գաղափարը»,- պատմեց Չախալյանը:

HM2_8472.JPG (807 KB)

Համահիմնադրի խոսքով՝ համագործակցում են ԱՄՆ-ի և Եվրոպայի՝ 450 բրենդի ու խանութի հետ: Խանութներն ու բրենդներն իրենց տվյալները՝ ապրանքը, գինը, նկարը, տրամադրում են հարթակին: Երբ օգտատերը նախընտրած նկարը վերբեռնում է հավելված, հարթակը վայրկյաններում արհեստական բանականության օգնությամբ համեմատում է նկարը իր ունեցած տվյալների բազայի հետ և օգտատիրոջը ցուցադրում է տվյալ ապրանքի իրական հասցեն կամ տեղը: Այս պահին 6 մլն-ից ավելի պրոդուկտի տվյալներ ունեն, իսկ օգտատերերը 8000-ից ավելի են:

Հարթակը շուկայում ունի նմանօրինակներ: Վիզուալ կոնտենտի օգնությամբ՝ ընտրություն կատարելու մի քանի տարբերակներ կան։ Սակայն, համահիմնադրի խոսքով, իրենցը մի շարք առավելություններ ունի:

«Գուգլի Image Search-ը, e-commerce խանութները, Google Lens-ը և Pinterest Lens-ը կարող են մեր մրցակիցները լինել: Սակայն խնդիրն այն է, որ որոնման արդյունքում այդ հավելվածները առաջարկում են համացանցում առկա ցանկացած նկար, որը պարունակում է օգտատիրոջ ներբեռնած ապրանքը՝ անկախ այն բանից՝ այդ աղբյուրը խանութ է, թե ոչ։ Իսկ եթե անգամ խանութ է, հիմնականում տվյալ ապրանքը հասանելի չի լինում, ինչը բարդացնում է ապրանքը գտնելու և ձեռք բերելու գործընթացը»,- ասաց Չախալյանը:

HM2_8481.JPG (596 KB)

HopShop-ը գլոբալ պրոդուկտ է, հստակ թիրախներ չունեն, սակայն այս պահին կենտրոնացած են ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա: Օգտատերեր ունեն նաև Հայաստանից: Համագործակցում են այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Adidas-ը, Reebok-ը:

Առաջիկայում ստարտափը նոր պրոդուկտ ստեղծելու գաղափար ունի:

«Առևտրի կենտրոնների համար նախատեսված պրոդուկտ ենք մշակում: Հաճախորդը կարող է մոտենալ առևտրի կենտրոն, իր ցանկացած ապրանքի նկարը վերբեռնել մեր տերմինալ, որը տեղադրված է լինելու առևտրի կենտրոնում, իսկ տերմինալը կհուշի, թե կոնկրետ որ խանութից հաճախորդը կարող է գտնել և գնել տվյալ ապրանքը»,- ներկայացրեց համահիմնադիրը:

HM2_8520.JPG (827 KB)

Չախալյանը նշեց՝ ի վերջո HopShop-ը դառնալու է ապրանքատեսակների Shazam։ Այժմ Shazam-ով հնարավոր է գտնել ցանկացած երգ՝ անկախ ժանրից, երկրից ու արտիստից։ Նույն տրամաբանությունն էլ HopShop-ի հիմքում է, և հնարավոր է լինելու գտնել ցանկացած ապրանք՝ անկախ տեսակից, արտադրման կամ վաճառքի երկրներից, միայն պետք է վիզուալ նկարն ունենաս:

Կարինե Տերտերյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում