ՀՀ-ն կպահպանի «խաղաղ ատոմ» զարգացնող պետության բարձր կարգավիճակը. փորձագետը՝ նոր ատոմակայանի տարբերակների մասին

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ հզորության (օր.՝ 1200 ՄՎտ) ատոմակայանի կառուցումը Հայաստանին թույլ կտա մնալ Հարավային Կովկասում միակ պետությունը, որը կրում է «խաղաղ ատոմ» զարգացնող պետության բարձր կարգավիճակ, ինչն անվտանգային լուրջ «բարձիկ է»: Բացի այդ՝ այն հնարավորություն կտա դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր:«Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ՝ ատոմակայանի կառուցման վերաբերյալ, այդ թվում են ռուսական, ամերիկյան, հարավկորեական, ֆրանսիական տարբերակները: Փորձագետը նկատեց, որ հստակ տարբերակ առաջարկել է դեռևս ռուսական կողմը:

«Ռուսական կողմն արդեն մի քանի ամիս է, ինչ կառավարությանը ներկայացրել է շատ հստակ նախագիծ՝ 1200 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի նոր բլոկ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Դավթյանը:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների առաջարկին՝ մոդուլային փոքր հզորության կայանների վերաբերյալ՝ փորձագետը նկատեց, որ դեռևս Հայաստանի կառավարության սեղանին չկա վերջնական հստակ նախագիծ: Ըստ նրա՝ նույնը կարելի է ասել, օրինակ՝ Հարավային Կորեայի կողմից արված առաջարկների վերաբերյալ, դրանք դեռևս գտնվում են հռետորաբանության մակարդակում: Ըստ նրա՝ այս պահի դրությամբ գործնականում կարելի է գնահատել հիմնականում Ռուսաստանի կողմից արված առաջարկը: Այնուամենայնիվ, կա երկու հիմնական մոտեցում՝ մոդուլային, այսինքն՝ փոքր հզորության կայան և մեծ հզորության կայան: Ըստ փորձագետի՝ փոքր հզորությունների կայաններն, իհարկե, բավականին հետաքրքիր ու հեռանկարային են, սակայն այն պարագայում, երբ օգտագործվում են որպես ռեզերվային միջոցներ:

«Միջազգային փորձն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ, օրինակ՝ Ֆրանսիան, Չինաստանը, որոնք ունեն մոդուլային կայաններ, դրանք օգտագործում են որպես ռեզերվային միջոցներ: Իսկ մենք այսօր ռեզերվային միջոցների կարիք չունենք: Մոդուլայինների առավելությունն այն է, որ դրանք թույլ են տալիս էլեկտրաէներգիա մատակարարել դժվար հասանելի բնակավայրեր: Այս դեպքում ևս Հայաստանում նման խնդիր չունենք: Իսկ եթե, դիցուք, ունենանք, ապա դա կարելի է լուծել վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարբեր նախագծերի իրականացմամբ՝ արևային, հողմային կայաններ կառուցելով: Դրա համար այսօր բարեբախտաբար ունենք բավականին հարմար օրենսդրական դաշտ, բավականին հարմար սակագներ ներդրողի համար»,-ասաց Դավթյանը:

Անդրադառնալով հնչող տեսակետներին, որ 1200 ՄՎտ-ը Հայաստանի համար շատ է, և էներգետիկ համակարգում տեղավորելու խնդիր է լինելու՝ փորձագետն ընդգծեց՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մոտենում էներգետիկ համակարգին: Փորձագետն էներգետիկան դիտարկում է երկու հիմնական դիտանկյունից՝ սպառողական և անվտանգային:

«Եթե դիտարկում ենք զուտ սպառման տեսանկյունից, ապա բնականաբար կարող ենք նույնիսկ չմտածել ատոմակայան կառուցելու վերաբերյալ, կարող ենք զարգացնել ջերմաէներգետիկան, կարող ենք զարկ տալ հիդրոէներգետիկային և դրանով իսկ ապահովել մեր ներքին պահանջարկը: Կարող ենք նույնիսկ ավելացնել էլեկտրաէներգիայի ներկրումը արտաքին շուկաներից, ինչպես այսօր անում ենք Վրաստանից: Սակայն, երբ հարցը դիտարկում ենք անվտանգային հարացույցի մեջ, ապա մեծ հզորության ատոմակայանը նախևառաջ տալիս է տարածաշրջանում բավականին բարձր կարգավիճակ, կարգավիճակ մի պետության, որը զարգացնում է «խաղաղ ատոմ»: Այսօրվա միջազգային անվտանգության համակարգում սա բավականին բարձր կարգավիճակ է»,-ասաց Դավթյանը:

Փորձագետը նաև շեշտեց՝ պետք չէ խնդիրը դիտարկել բացառապես ներքին շուկան բավարարելու տեսանկյունից: Հայաստանը պետք է դիրքավորվի որպես էլեկտրաէներգիա արտահանող պետություն:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանն այս պահին ունի՞ այդ հնարավորությունը՝ փորձագետը շեշտեց՝ այսօր խոսվում է ապաշրջափակման, տնտեսական կապերի վերականգնման, ինտեգրման մասին: Այս պարագայում Դավթյանը համարում է, որ մեծ հզորության ատոմակայանի առկայությունը կարող է թույլ տալ էապես ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան, ճիշտ գնային քաղաքականություն իրականացնելու պարագայում՝ նաև Վրաստան: Արտահանման դեպքում կբարձրանա նաև համակարգի ՕԳԳ-ն, ինչը սակագների իջեցման հնարավորություն կտա:

«Իմ խորին համոզմամբ՝ մենք նոր ատոմակայանի կառուցման հարցը պետք է անպայման դիտարկենք Հյուսիս-Հարավ միջազգային էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման համատեքստում, որը կոչված է միավորելու Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը: Եթե մենք ինտեգրվում ենք այս համակարգի մեջ, ապա դառնում ենք շատ կարևոր էլեկտրաէներգետիկ հաբ՝ հնարավորություն ձեռք բերելով էլեկտրաէներգիա արտահանել բոլոր վերոնշյալ ուղղություններով: Ես կարծում եմ, որ խնդիրը պետք է դիտարկվի անվտանգային, անգամ աշխարհաքաղաքական համատեքստում, ոչ թե զուտ կոմերցիոն սպառողական»,-ասաց Դավթյանը:

Այսպիսով՝ փորձագետը մեծ հզորության ատոմակայանի կառուցման կողմնակիցն է: Խոսելով ռուսական առաջարկի մասին՝ նա նկատեց, որ կա միասնական դպրոց, որը ձևավորվել է դեռևս 80-ական թվականներից ի վեր: Այդ դպրոցի տրամաբանությամբ են գործում այսօր Հայաստանի միջուկային էներգետիկայի մասնագետները: Նա վստահեցնում է, որ դա բավականին մեծ առավելություն է:

Փորձագետի խոսքով՝ ատոմակայանի կառուցումը մուլտիպլիկատիվ ազդեցություն է ունենում տնտեսության տարբեր ոլորտների վրա, օրինակ՝ կակտիվանա գիտահետազոտական բաղադրիչը: Նրա համոզմամբ՝ այն իր ազդեցությունը կունենա նաև առողջապահության ոլորտի վրա: «Միջուկային էներգետիկան և դրա շրջանակում ստացվող արդյունքները, որպես կանոն, օգտագործվում են տարբեր, այդ թվում օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման, նաև բուժման ժամանակ: Ես կարծում եմ, որ սա ևս բավականին մեծ հնարավորություն կարող է ստեղծել»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, ըստ Դավթյանի՝ գլխավոր առավելությունն այն է, որ Հայաստանը կշարունակի մնալ Հարավային Կովկասում միակ պետությունը, որը կրում է «խաղաղ ատոմ» զարգացնող պետության բարձր կարգավիճակ: Սա անվտանգային շատ լուրջ բարձիկ է: «Եվ այն պարագայում, երբ մեր շուրջը, բացառությամբ Վրաստանի՝ բոլորը փորձում են զարգացնել ատոմային էներգետիկան՝ ռուսական «Ռոսատոմի» հետ համագործակցելով, ես կարծում եմ, որ Հայաստանը ևս պետք է դիրքավորվի այս տիրույթում: Ադրբեջանը 2019 թվականից ի վեր Պուտին-Ալիև մակարդակով քննարկում է Ադրբեջանում առաջին ատոմակայան կառուցելու վերաբերյալ հարցը: Իրանը, Թուրքիան ևս կառուցում են ատոմակայան «Ռոսատոմի» օգնությամբ: Առաջիկայում կլինեն նոր նախագծեր նաև Մերձավոր Արևելքում»,-ասաց փորձագետը:

Ռուսական կողմը Հայաստանին առաջարկում է Լենինգրադի ատոմակայանի մոդելը: Փորձագետը Լենինգրադի ատոմակայան շրջայցից ու մանրամասն ծանոթանալուց հետո համոզվել է՝ այն կօգնի Հայաստանին ամրապնդել իր դիրքերը:

Վերջերս իրականացված արդիականացման աշխատանքներից հետո ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգվել էր մինչև 2026 թվական: Այն կրկին կերկարաձգվի մինչև 2036 թվական: Փորձագետի խոսքով՝ ատոմակայանի կառուցումը կտևի միջինում 10 տարի: Այսինքն՝ նորի կառուցումը պետք է սկսվի գոնե 2026-ին:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Վարելու իրավունքի վերականգնման և վարորդական վկայականի տրամադրման կարգում փոփոխությունները

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավելի զոհեր ու վիրավորներ

Wildberries-ը օգտատերերի կարծիքների մասում կավելացնի արհեստական բանականությամբ մշակված բովանդակության նշում

Շատ կարևոր ու անկյունաքարային որոշում է ընդունվել. Ավինյանը Երևանում սպասվող խոշոր ներդրումների մասին

Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը

«Հայաստան» դաշինքը կվերցնի խորհրդարանական մանդատները

Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները

Պետք է իրապես հասկանալ, թե մեր խնդիրները որտեղ են. Ավինյանը՝ խցանումների մասին

Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչից առաջ