ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ և դրան հաջորդող հրամանագրում, որը ստորագրել է ՌԴ նախագահը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում խոսվում է ավելի շատ մոնիթորինգի գործառույթի մասին, որը ռուսական ԱԴԾ-ն պետք է իրականացնի, այլ ոչ թե կոնկրետ վերահսկողության, սակայն այս պահին ապաշրջափակման դետալները դեռ քննարկման փուլում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, փոխնախարարն ընդգծեց՝ մինչև դետալներին անցնելը, ՀՀ-ի համար շատ կարևոր է ֆիքսել, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության և ինքնիշխանության հիման վրա՝ հաշվի առնելով ապաշրջափակման իրականացման փոխադարձությունը: Այս շրջանակներում Հայաստանը մշտապես կառուցողական է եղել և շահագրգռված՝ իրականացնելու ապաշրջափակման գործընթացը:
«Դեռևս 2021-ի հունվարի 11-ից, երբ կնքվեց հայտարարությունը, Հայաստանը կառուցողական մոտեցում է դրսևորել այս աշխատանքներում և շարունակելու է կառուցողական լինել, որովհետև մենք հետաքրքրված ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, որովհետև կարծում ենք, որ հայկական խաչմերուկ ծրագիրը մեծ պոտենցիալ ունի՝ հաշվի առնելով նաև այն աշխարհաքաղաքական զարգացումները, լոգիստիկ խնդիրները, որին այսօր աշխարհը բախվում է»,-նշեց փոխնախարարը:
Այսպիսով՝ հայկական կողմի համար կարևոր է, որ ապաշրջափակման բոլոր դետալները, այդ թվում անվտանգության հետ կապված, տեղի ունենան ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում: «Եթե մինչև այսօր մեզ չի հաջողվել թղթի վրա ֆիքսել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, բնականաբար ապակառուցողական կողմը Ադրբեջանն է»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ապաշրջափակվող ճանապարհի վերահսկողությունը պետք է իրականացնի ռուսական ԱԴԾ-ն՝ Կոստանյանն ասաց. «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ և դրան հաջորդող հրամանագրում, որը ստորագրել է ՌԴ նախագահը, խոսվում է ավելի շատ մոնիթորինգի գործառույթի մասին, որը ռուսական ԱԴԾ-ն պետք է իրականացնի, այլ ոչ թե կոնկրետ վերահսկողությունը: Բայց ապաշրջափակման դետալները դեռ քննարկման փուլում են»:
«Ամենամեծ խնդիրը վստահությունն է։ Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Ի վերջո, ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ։ Ինչպե՞ս են նրանք փոխազդելու միմյանց հետ սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով շարժվելիս։ Սա է այսօր գլխավոր հարցը, որին մենք միասին ցանկանում ենք պատասխանել՝ վստահ լինելով, որ այլ երկրի տարածքում այդ մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Եվ իհարկե, բոլորիս վրա ազդում է այն, ինչ հիմա կատարվում է սահմանին։ Շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե կրակոցները դադարեին»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։