Արևը հաղթեց ամպերին. քաղցկեղը հաղթահարած փոքրիկի պատմությունը
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր ժապավեններով ու փայլուն կոշիկներով գեղեցկուհի կիթառահարուհին Արևիկն է, կամ ինչպես ինքն է նախընտրում ներկայանալ՝ Արևիկ Բագրատյանը, ով Երևանի արյունաբանական կենտրոնում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։ Այստեղ իր բժիշկներն են, որոնց հետ սկզբում կռվել, իսկ հետո ընդհանուր լեզու է գտել։
«Մեջքս էին սրսկում, ես էլ իրենց խփում էի։ Չգիտեի, որ սրսկեն՝ կբուժվեմ>,- բժիշկների հետ սկզբնական շրջանում ունեցած իր անհաշտության պատճառն է ներկայացնում Արևիկն ու խոստովանում՝ հիմա սպիտակ խալաթավորներին շատ է սիրում, էլ նրանցից չի վախենում։ Ավելին, փոքրիկ բուժառուից փոքրիկ բժշկուհու վերածված Արևը հիմա իր բոլոր տիկնիկներին հերթով ներարկումներ է անում։ Բայց դա նրա միակ նախասիրությունը չէ․ պարում է, երգում, նույնիսկ՝ նկարում։ Աչքն էլ ցանկացած թերություն նկատում է. ինչը որ փայլփլուն չէ՝ իր սրտով չէ․
«Կոշիկներս շատ են սիրուն, չէ՞, ափսոս՝ դու չունես այսպիսի կոշիկներ։ Ափսոս՝ քոնը գեշ են… Իմ մոտ փայլում են ու մեկ էլ աստղիկներով են, քո մոտ ոչ մի բանով ա, ու ուղղակի սև»,- հայացք գցելով իմ սև կոշիկներին՝ դժգոհում է ռեպորտաժիս հերոսուհին։
Արևիկի հիվանդության նախապատմությունը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 3-ին․ հենց այդ օրը Բագրատյանների և Տիգրանյանների ընտանիքում ահազանգ հնչեց՝ 3,5-ամյա Արևիկի մոտ լուրջ խնդիրներ են ի հայտ եկել։ Արյունաբանական կենտրոնում գուժեցին՝ փոքրիկի մոտ սուր լիմֆոբլաստային լեյկոզ է ախտորոշվել։
«Առաջին ռեակցիան շոկն էր, քանի որ այդ հիվանդությանը ոչ-ոք չի սպասում, առավելևս, երբ խոսքը քո երեխայի մասին է։ Բավականին ծանր ճանապարհ է, ու ես ինձ համար ձևավորել էի մարդկանց թիմ, որոնց հետ այդ ճանապարհը պետք է անցնեի։ Իմ թիկունքն առաջին հերթին ամուսինս էր, ընտանիքի որոշ անդամներ, մի քանի ընկերներ և, իհարկե, բժիշկները։ Սա այն փուլն է, որի ընթացքում պետք է ավելորդ մարդկանց թիմից դուրս հանել։ Անհիմն խորհրդատուները շատ են, ու ավելորդ խորհուրդ տվողներն ավելի շատ վնասում, քան՝օգնում են»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արևիկի մայրը՝ Ռիմա Տիգրանյանը։
Երիտասարդ մայրիկը սթրեսներով լի այս ճանապարհին թե՛ հիվանդի, թե՛ խնամակալի պարագայում առանձնակի կարևորում է հոգեբանի դերը։ Նկատում է՝ ծնողները պետք է լինեն առավել հավասարակշիռ ու զգոն, քանի որ հիվանդության շրջանում երեխաները դառնում են ինքնամփոփ։
«Նախանշաններին պետք է ուշադիր լինել»,- խորհուրդ է տալիս մայրն ու նկատում ՝ սկզբում նրա մոտ թուլություն են նկատել, 2-3 շաբաթ անց ջերմությունն է բարձրացավ․․
Տիկին Ռիմայի կարծիքով՝ երեխայից հիվանդությունը թաքցնելը ճիշտ չէ, երեխան պետք է իմանա իր խնդրի մասին, որպեսզի հաղթահարման ճանապարհին խոչընդոտներ չառաջացնի:
«Իհարկե, յուրաքանչյուր երեխայի իր տարիքին համապատասխան պետք է բացատրել, թե ինչ է կատարվում»,-ասում է նա ու խոսքը փոխանցում 6-ամյա Արևիկին՝ պատմելու, թե ինչո՞ւ են հայտնվել գունեղ այս շենքում, որի մանկական բաժանմունքն իսկական մանկապարտեզ է հիշեցնում։
«Հիվանդ էի, թզուկները մեջս էին մտել, որոշել էինք գայինք հիվանդանոց, որ բուժվեինք»,- պատմում է Արևը:
Լեյկեմիաները կամ լեյկոզները արյան չարորակ հիվանդություն են, որի ժամանակ ախտահարվում են արյան համակարգի արյունաստեղծ ցողունային բջիջները։ Դրանք պատկանում են հազվադեպ հանդիպող հիվանդությունների շարքին, չունեն առանձնահատուկ ախտանշաններ։
«Այս հիվանդության ախտանշանները նման են շատ ու շատ այլ հիվանդությունների ախտանշանների ու հաճախ կարող են շփոթություն առաջացնել։ Դրանք են ընդհանուր թուլությունը,գլխացավը, գլխապտույտները, որոնք հետագայում կարող են ուղեկցվել արյունահոսությամբ, ջերմության բարձրացմամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նկատում է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական արյունաբանության բաժանմունքի մանկական արյունաբան Աննա Ավագյանը։
Ինչպես քաղցկեղի մյուս տեսակները, լեյկեմիան նույնպես բազմագործոնային հիվանդություն է․ այսպես ասած՝ կան ռիսկի գործոններ, որոնք կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը, բայց չկա մեկ պատճառ, որը հանդիսանում է հիվանդության առաջացման հիմքը։
Բժիշկը ծնողներին խորհուրդ է տալիս չանտեսել երեխայի որևէ գանգատ, ուշադիր լինել ու ժամանակին մանկաբույժին դիմել՝ հետագա բարդացումից խուսափելու ու ճիշտ բուժում նշանակելու համար։
Չնայած հիվանդության բարդությանը՝ Հայաստանում լեյկեմիայով հիվանդների 75 տոկոսը լիարժեք բուժվում է ու վերադառնում տուն, ինչը, մասնագետի բնորոշմամբ, բարձր ցուցանիշ է սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար։
«Գուցե շաբլոն արտահայտություն է, որ քաղցկեղը դատավճիռ չէ, բայց յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի, որ եթե երեխայի մոտ ախտորոշվում է քաղցկեղ, դա չի նշանակում, որ ամեն ինչ վերջացել է։ Յուրաքանչյուրն ունի լիարժեք բուժվելու շանս»,- նկատում է բժշկուհին։
«Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս,
Պըսպղում է ոսկու պես։
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ»,- զրույցի ընթացքում կիթառը ձեռքին ոգևորությամբ երգեց Արևիկը։
Այո, ինչպես Արևիկի սիրելի երգում է ասվում՝ Արևը հաղթեց ամպերին․․․ Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին ծնված աշխույժ փոքրիկը, որպես իր իսկ իրավունքների պաշտպան՝ դժգոհություն հայտնեց իմ, այսպես ասած՝ «շատախոսությունից»։
«Հունիսի 1-ին իմ ծնունդն ա, ու բալիկների օրը։ Վերջ, հերիք է»,- ընդվզեց փոքրիկ Բագրատյանն ու ընդհատեց մեր զրույցը․․․
Այնուամենայնիվ՝ հարցիս՝ երբ մեծանա, ինձ համար փայլուն կոշիկներ կգնի՞, առատաձեռն փոքրիկն առանց վարանելու պատասխանեց ՝ իհարկե:
Զրույցի վերջում Արևի ուղարկած օդային պաչիկներն օպերատորինն են, իմն ապագա փայլուն կոշիկներն են…
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղ.՝ Նելլի Մարգարյան
Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան
Լուսանկարիչ՝ Մխիթար Խաչատրյան
