Քաղաքականություն

Պապիկյանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին․ պատգամավորը վստահ է, որ ենթատեքստը քաղաքական չէ

2 րոպեի ընթերցում

Պապիկյանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին․ պատգամավորը վստահ է, որ ենթատեքստը քաղաքական չէ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում Մինսկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

ՊՆ-ից չեն մանրամասնում, թե որն է նիստին Պապիկյանի չմասնակցելու պատճառը։

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ևս չի տիրապետում մանրամասներին, թե ինչու Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն համոզված է, որ դրանում քաղաքական ենթատեքստ չկա։

«Սուրեն Պապիկյանի չմասնակցելը տվյալ միջոցառմանը կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ։ Մանրամասներին չեմ տիրապետում։ Վստահ եմ, որ ենթատեքստը քաղաքական չէ։ Պաշտպանության նախարարության հետ մանրամասները ճշտեք, ես կարծում եմ, որ դրանք կապված են տեխնիկական հարցերի հետ»,- ասաց Հովհաննիսյանը։

Մինսկում մայիսի 25-ին մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նշելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում օպերատիվ և մարտական ​​պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում