Հայաստանում առաջին անգամ կանցկացվի հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոն
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացնելու է հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը: Այն տեղի է ունենալու հունիսի 17-ին՝ Դիլիջանում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ ներկայացված կլինեն հայկական և վրացական մշակույթն ու խոհանոցը:
«Դեռ 2019 թվականից ենք զբաղվել այս հարցով: Նպատակ ունեինք ստեղծել մի հարթակ, որտեղ մեր հարևան վրացիների հետ հնարավորություն կունենանք երկխոսել մշակութային ժառանգության հարցերի շուրջ, միմյանց ներկայացնել մեր մշակույթը, խոհանոցը՝ ստեղծելով տարածաշրջանային պրոդուկտ: Կորոնավիրուսը խանգարեց մեր ծրագրերի իրականացմանը, սակայն այս տարի Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ մենք այդ ծրագիրը կյանքի կկոչենք»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:
Փառատոնն ունենալու է մշակութային և երաժշտական գոտիներ, որոնցում կներկայացվի երգ, պար, երաժշտություն, արվեստի գործեր, արհեստագործական արտադրանք: Փառատոնի թեմատիկան լինել է հայտնի «Միմինո» ֆիլմը: Այն նվիրվելու է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեի հիշատակին, որը ֆիլմի գլխավոր դերակատարներից է: Ակնկալվում է, որ վրացական կողմի հրավերով իրենց մոտ կանցկացվի հաջորդ փառատոնը և կնվիրվի նշանավոր հայ դերասան, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանին:
Հայկական և վրացական ուտեստների գոտում մասնակից թիմերի կողմից կպատրաստվեն և կներկայացվեն երկու երկրների ուտեստներն ու խոհարարական ավանդույթները: Փառատոնն ունենալու է նաև մրցութային մաս:
«Մինչ հիմնական ծրագրի մեկնարկը մասնակից թիմերը մրցութային հանձնաժողովին կներկայացնեն իրենց պատրաստած խոհարարական արտադրանքը, փառատոնային օրվա վերջում կամփոփվեն մրցույթի արդյունքները և հաղթողներին կշնորհվեն պարգևներ հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահաղացում»,-ասաց Սեդրակ Մամուլյանը: