ԱԺ-ում իրավիճակը լարվեց. Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, նիստն ընդմիջվեց
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, ԱԺ նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի շրջանակում իր ելույթում «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանը կարծիք հայտնեց, որ դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը, 2021թ նոյեմբերի 15-ին իր իրավունքը խախտելով, կալանավորել է իրեն, ինքն այդ ժամանակ գտնվել է ԱԺ-ում:
«Դուք այսօր այս ամբիոնում կանգնած հպարտորեն ասում եք, որ Դուք ձեր բոլոր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում: Ես ասում եմ, որ դուք ապօրինի որոշումներ եք կայացրել: Ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ»,-ասաց պատգամավորը:
Ապա նա ավելի կոշտ արտահայտվեց. «Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»:
Այս ձևակերպմանն ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց կոռեկտ արտահայտվել: Դուրս գալուց առաջ նա կանգնեց ամբիոնի կողքին՝ Արմեն Դանիելյանին հորդորելով նայել իր աչքերի մեջ: Ապա դահլիճում աղմուկ բարձրացավ, բղավոցներ սկսվեցին, մոտեցան նաև պատգամավորները, իրարանցում, հրմշտոց սկսվեց։ ԱԺ նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով Արթուր Սարգսյանին դուրս տանել:
ԱԺ նախագահը 20 րոպե ընդմիջում հայտարարեց: