Քաղաքականություն

ՀՀ-ն հույս է հայտնում, որ խաղաղության պայմանագրի Ադրբեջանի արձագանքը կարտահայտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն հույս է հայտնում, որ խաղաղության պայմանագրի Ադրբեջանի արձագանքը կարտահայտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը հույս է հայտնում, որ խաղաղության պայմանագրի ադրբեջանական կողմի սպասվող արձագանքները կարտահայտեն Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, ըմբռնումը:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե առաջիկայում տարբեր ձևաչափերով սպասվող բանակցություններում ենթադրվո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրում:

Մոսկվայի բանակցությունները նախատեսված են հինգշաբթի օրը՝ մայիսի 25-ին: Վարչապետը մինչև հինգշաբթի իրատեսական չհամարեց ստորագրումը: «Եթե կոմունիկացիաների բացման վերաբերյալ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի, բացառել չեմ կարող: Մեր խնդիրն է հնարավորինս արագ ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիր: Համենայնդեպս, մեր թիմը շատ ինտենսիվ աշխատում է»,-ասաց Փաշինյանը:

Հայկական կողմը Վաշինգտոնի բանակցություններից առաջ Ադրբեջանին փոխանցել է խաղաղության պայմանագրի իր խմբագրումները: Հիմա Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին:

«Հույս ունենք, որ դա կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, ըմբռնումը, պայմանավորվածությունները, այն ըմբռնման առաջընթացը, որն արձանագրվել է: Եթե պարզվի, որ Ադրբեջանը, օրինակ, այս շաբաթ փոխանցի իր արձագանքները, և, եթե մի շաբաթը բավարար է վերլուծելու համար, եթե տեսնենք, որ այդ առաջարկները, մոտեցումները համարում ենք ընդունելի փոխզիջումային տրամաբանության մեջ, ինչո՞ւ չէ: Բայց այս պահին դեռևս չենք ստացել իրենց արձագանքները»,-ասաց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում