Հասարակական

Տիգրան Ավինյանը դատարանին միջնորդել է վերացնել լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների վրա կիրառված արգելանքը

3 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը դատարանին միջնորդել է վերացնել լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների վրա կիրառված արգելանքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը դիմել է դատարան լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու միջնորդությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տիգրան Ավինյանի փաստաբան Հարություն Հարությունյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։

Նա նշել է, որ միջնորդությամբ դատարան դիմելուց առաջ հարցը քննարկել է իր վստահորդ Տիգրան Ավինյանի հետ, հաշվի է առնվել նաև հայաստանյան լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարությունը։ Հարությունյանը նշել է, որ Տիգրան Ավինյանը որևէ լրատվամիջոցի սնանկացնելու կամ որևէ ֆինանսական անհարմարություններ պատճառելու նպատակ չունի։

Միաժամանակ Հարությունյանն ընդգծել է, որ ցանկացած լրատվամիջոց և լրագրող, իր կարծիքն ու տեսակետը ունենալով, խոսքի ազատության իր իրավունքն իրացնելով հանդերձ, մասնագիտական աշխատանքում պետք է դրսևորի առավելագույն բծախնդրություն, քանի որ իր խոսքով և գրչով առաջին հերթին փորձում է ազդել հանրության վրա՝ ձևավորելով հանրային կարծիք, որտեղ ազնվությունը պետք է լինի առաջնային և չքննարկվող արժեք։

«Ցավոք, պրակտիկան ցույց է տալիս, որ շատ հաճախ արտադատական կարգով հերքում պահանջելն անարդյունավետ է, իսկ զրպարտության դեմ պայքարում դատական պաշտպանության միջոցը՝ ամենաարդյունավետը»,- գրել է Տիգրան Ավինյանի փաստաբանը։

Մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ «168 ժամ»-ի լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրվել։ Պարզվել էր, որ լրագրողի հեղինակային նյութերից մեկի հրապարակումից հետո Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը դիմել էր դատարան՝ ներողություն խնդրելուն, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջով: Դավիթ Սարգսյանի աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել, քանի որ հայցվոր կողմը դատարանից պահանջել է կիրառել հայցի ապահովման միջոց, ինչը բավարարվել է մասնակի, 9 միլիոն դրամի չափով:

Մայիսի 12-ին հայտարարություն էին տարածել հայաստանյան լրագրողական կազմակերպությունները՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից պահանջելով անհապաղ չեղարկել վերոհիշյալ գործով հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը, հանել արգելանքը պատասխանողների գույքի և բանկային հաշիվների վրայից և անցնել բուն վեճի քննությանը։ Լրագրողական կազմակերպությունները փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանից պահանջել էին ցուցաբերել առավել հանդուրժողականություն, դրսևորել զբաղեցրած դիրքին առավել հարիր վարքագիծ և դատական գործում կենտրոնանալ իր մասին հրապարակման ճշգրտման ու, եթե հիմքեր կան, հերքման վրա, կամ, ինչը գերադասելի է, հետ վերցնել հայցը և խնդիրը լուծել արտադատական կարգով՝ դիմելով Տեղեկատվական վեճերի խորհուրդ կամ ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում